Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC Newshour-ի հետ հարցազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Մոսկվայում է՝ պլանավորված այցի շրջանակներում ռուս գործընկերների հետ մեր երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու նպատակով: Օրակարգում գերակշռում է մեկ հստակ հարց, մեկ մեծ ճգնաժամ, որին մենք առերեսվում ենք այսօր․ Արցախում իրավիճակի սրումը, մեր ժողովրդի, Արցախի մեր հայրենակիցների հանդեպ այս բացահայտ ագրեսիան: Մենք հասել ենք շատ կարևոր հայտարարության․ հաստատել հրադադարի ռեժիմը, նվազեցնել լարվածությունը: Կատարել այդ առաջին քայլը մարդասիրական նպատակներով և հետագայում ամրապնդել հրադադարի ռեժիմը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորման բնականոն գործընթացին,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Արցախի բնակավայրերի, պաշտպանական դիրքերի ուղղությամբ շարունակական մասշտաբային հարձակումներ են: Մենք դեռ լիահույս ենք, որ կկարողանանք դադարեցնել կրակը՝ առաջին հերթին շաբաթ օրը Մոսկվայում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությամբ հումանիտար գործողությունը, որ, ըստ էության, Ադրբեջանական կողմը խախտել է: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայի իր այցի մանրամասներից է պատմել բրիտանական «ԲիԲիՍի»-ի «Նյուզ աուըր» հաղորդմանը:
Զոհրաբ Մնացականյան (ԱԳ նախարար) - Արցախի պաշտպանական ուժերն անում են հնարավորինը, որպեսզի պաշտպանեն իրենց, քանի որ կրակը չի դադարել շաբաթ առավոտից, և այս կապակցությամբ ես իրապես վրդովված եմ, ադրբեջանցիները շարունակաբար հարձակումներ են իրականացնում բնակավայրերի և պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը մինչև շաբաթ ուշ գիշեր անընդմեջ ենթարկվել են հարձակման, ինչը շարունակվել է նաև կիրակի առավոտյան: Եվ կրկին մենք ունենք փխրուն իրավիճակ։ Ստեփանակերտը հայտնվել է շատ ծանր իրավիճակում. այդքան ավերածություններ, այդքան շատ զոհեր, այդքան շատ տեղահանված մարդիկ: Ենթակառուցվածքները, էներգամատակարարումը՝ ամեն ինչ վնասվել է, մարդիկ հայտնվել են շատ ծանր վիճակում: Նույնը կարելի է ասել նաև մյուս քաղաքների և բնակավայրերի մասին։
Հրադադարի հարցը մեզ համար շատ մտահոգիչ է՝ ասում է արտգործնախարար Մնացականյանը: Արցախի բնակավայրերի, պաշտպանական դիրքերի ուղղությամբ մասշտաբային հարձակումները հրադադարի հակառակ պատկերն են: Բրիտանական լրատվամիջոցը նաև հետաքրքրվում է Արցախի կարգավիճակից: Արդյոք Արցախի միջազգայնորեն անկախ ճանաչումը Հայաստանը կսատարի՞:
Զոհրաբ Մնացականյան - Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը: Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ կարգավորումը: Բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու շաբաթում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից կարգավորման ռազմական տարբերակի ընտրությունն է, ռազմական ագրեսիայի միջոցով լուծման պարտադրման ընտրությունը։
Այդ դեպքում ինչո՞ւ կամ չեք միացնում տարածքը կամ ճանաչում նրա անկախությունը: Սրանք այն տարբերակներն են, որոնք բաց են ձեզ համար,- հետաքրքրվում է «ԲիԲիՍի»-ի լրագրողը: Զոհրաբ Մնացականյանը պարզաբանում է՝ մենք չենք ցանկանում խաղաղ կարգավորմանը հնարավորություն չտալ:
Զոհրաբ Մնացականյան - Հայաստանի վարչապետը շատ հետևողական է եղել փոխզիջումային լուծման հարցում՝ պնդելով, որ այլ տարբերակ չկա, քան փոխզիջումային լուծման հասնելը, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Միայն փոխզիջումային լուծումն է հնարավոր: Երբ վարչապետի այս հայտարարությունը դիտարկվում է համատեքստից դուրս, ստացվում է այն, ինչ ստացվում է: Մինչդեռ վարչապետն ասում էր, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում սեփական բարեփոխումների ու զարգացման գործում, և Հայաստանը չի կարող անտարբեր լինել Արցախի իր հայրենակիցների նկատմամբ: Հայաստանը աջակցում է Արցախի մեր հայրենակիցներին՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխավոր:
Իսկ որքանո՞վ կարող ենք վստահել հակառակորդին, որ կրակը կդադարեցնի: Սա Մոսկվայում զրույցի կարևոր մասն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ: Մենք էլ չպետք է հրաժարվենք կրակի դադարի պահպանման որևէ հնարավորությունից,- ընդգծում է Մնացականյանը: Վերադարձնել հրադադարը, վերականգնել խաղաղությունը, որ վերադառնանք խաղաղ կարգավորմանը. հայկական կողմի բոլոր ուղղություններով տարվող դիվանագիտական աշխատանքի գլխավոր նպատակն է: