«Թե՛ նահանջի, թե՛ հրադադար հաստատելու որոշումները կայացվում են Թուրքիայում, և մեծ հաշվով տարօրինակ չէ, որ հիմա Թուրքիան հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Պատգամավորի խոսքով՝ հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը չհետևելու այլ պատճառ էլ կա: «Նույնիսկ կարճատև հրադադարից հետո Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու տեղեկություն ստանալ իրենց իրական կորուստների թվի մասին: Եվ դա, կարծում եմ, ներքաղաքական լրջագույն պրոբլեմներ է ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար: Գիտեք, որ հարձակվող կողմը անգամներով ավելի շատ կորուստներ է կրում և կրել: Նման կորուստներ՝ ոչնչի դիմաց կամ, առավելագույնը՝ մեկ-երկու դիրքի, նույնիսկ գյուղի դիմաց՝ այս պահի դրությամբ տոտալ պարտություն է: Դրա համար իրենք փորձում են հնարավորինս բարելավել դիրքերը, որպեսզի երբ բացահայտվի իրենց կորուստների քանակը, գոնե ադրբեջանական հասարակությանը ներկայացնելու ինչ-որ բան ունենան: Այն, ինչ հիմա իրենք ունեն, համեմատելի չէ իրենց ունեցած կորուստների հետ ռազմագիտական տեսանկյունից»,- ասաց Եղոյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ այս հակամարտության կոնտեքստը փոխվել է, և հիմա այլևս պետք է ոչ թե հավասարակշռել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, այլ ուղղակի պետք է արցախահայությանը փրկել ֆիզիկական ոչնչացումից:
«Կամ, լավագույն դեպքում, տեղահանումից փրկելու համար ճանաչել նրանց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ որևէ կարգավիճակով: Մենք ունենք նախադեպեր, երբ ճանաչվել են միջազգային իրավունքի սուբյեկտներ, առանց տարածքային առումով հստակ սահմանների»,- ասաց Եղոյանը: