ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը մասնակցել է ԵԽԽՎ-ում առցանց ձևաչափով քննարկմանը, որի օրակարգում եղել է Արցախում տիրող իրավիճակը: Հայրապետյանն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանական պատվիրակության անդամների հայտարարություններին, թե իբր Հայաստանն է սկսել ռազմական գործողությունները: Հայրապետյանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները՝ ներկայացնելով փաստեր:
«Ադրբեջանցի գործընկերները իրենց ելույթներում ակնհայտ խոստովանեցին, որ հենց Ադրբեջանն է սկսել հարձակումը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այո՛, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Ալիևն ինքը խոստովանում է, որ նպատակ ունի ազատել տարածքները հայերից: Ադրբեջանական կողմը փորձում է մեղքը բարդել հայկական իշխանությունների վրա: Բայց, նայեք և տեսեք, թե ինչպես էր ձեր բռնապետը հերոսացնում քնած հային կացնահարած մարդասպան ադրբեջանցուն: Ձեզ համար հերոսությունը քնած հային կացնահարելն է:
Ադրբեջանական ագրեսիան ակնհայտ աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, որը Սիրայից և այլ տեղերից ահաբեկիչներ է տեղափոխում Հարավային Կովկաս՝ կռվելու Արցախի խաղաղ բնակչության դեմ:
21-րդ դարում Եվրոպան և Եվրոպայի խորհուրդը իրեն պարզ հարց պետք է տա՝ ցանկանո՞ւմ են թույլ տալ, որ նոր Հիտլերներ հայտնվեն, եթե ոչ, ապա պետք է կանգնեցնի Էրդողանին, ցանկանո՞ւմ են թույլ տալ հայերի նոր ցեղասպանություն, ինչպիսին եղել է 1915 թ. Օսմայնան կայսրությունում, եթե ոչ, ապա պետք է կանգնեցնեն Ալիևին և Էրդողանին, ցանկանու՞մ են թույլ տալ, որ Հարավային Կովկասը դառնա ահաբեկիչների տեղակայման մի նոր գոտի, եթե ոչ, ապա պետք է կանգնեցնեն այս հումանիտար աղետը: Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում»: