Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռավար ձևաչափով հանդիպմանը միացել էր նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությունը: Նախարար Մնացականյանը ընդգծել է, որ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։
Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:
Զրուցակիցներն ամփոփել են խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում մինչ օրս արված աշխանքները: