«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ հարձակողական գործողություններ, առնվազն երեք-չորս ուղղություններով։ Հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը։ Օրվա ընթացքում հյուսիսային ուղղությամբ տեղի են ունեցել թեժ մարտեր, մեծ, ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման զինտեխնիկայի կիրառմամբ։ Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել։ Այսօր երևի թե տեղի է ունեցել ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերից մեկը։ Այդ ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով էական կորուստներ։ Զինված ուժերի կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, կանոնավոր, փայլուն, հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները»,- տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ մնացած ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են, հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի։
«Չնայած նրան, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել և տեղեկատվական ակցիաներ իրականացնել, դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա՝ նկարվել, որ հոգեբանական ազդեցություն թողնեն առաջին հերթին իրենց, հետո՝ մեր հասարակության վրա։ Խնդիրը հետևյալն է․ երկարաժամկետ մարտական գործողությւոնների ընթացքում կոտրելով սեփական զինված ուժերի ներուժը, հարձակողական մարտերում էական հաջողություններ չունենալով՝ Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման տեղեկատվություններով»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Հովհաննիսյանը նշեց, որ 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի ծավալով առաջխաղացում ապահովված ադրբեջանական 3-4 բանակային կորպուսները մեծ հաշվով գովելու բան չունեն: Ըստ նրա, դրանից հետո բան չի մնում անելու, քան դիվերսիոն խմբեր մտցնելով լուսանկարվելն ու սեփական հասարակությանը ներկայացնելը, թե դրանք իբր գրավված են։
«Հադրութում նույնպես երբեմն դիվերսիոն խմբեր ներթափանցում են, սակայն դրանց դեմ մեր զինված ուժերը պայքարում են: Բայց քանի որ տեղանքն անտառային է, լեռնային է, կտրված է և այլն, չի բացառվում նման դիվերսիոն խմբերի հաճախակի ներթափանցումը Հադրութ և հարևան բնակավայրեր»,- նշեց Հովհաննիսյանը։