Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանը և փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը հանդես եկան մամուլի ասուլիսով։
Մեխակ Արզումանյանը նշեց, որ այս պահի դրությամբ Հանրապետությունում 25 մահացած ու 100-ից ավելի վիրավոր քաղաքացիական անձ կա, վնասվել են 5800-ից ավելի բնակելի, մշակութային և հասարակական նշանակության օբյեկտներ։
«Այս պահին ծառայության հիմնական գործառույթներն ուղղված են չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներին։ Այդ զենք-զինամթերքը հայտնաբերվում, տեղափոխվում է այլ անվտանգ տարածք ու ոչնչացվում»,- նշեց Արզումանյանը։
Սասուն Սարուխանյանն էլ նշեց, որ արդեն 17 օր է՝ փրկարարներն առանց վարանելու իրականացնում են աշխատանքներ թիկունքային առաջնագծում։
«Մենք աշխատում ենք՝ անտեսելով տագնապի ազդանշանն ու ռմբակոծությունը։ Աշխատանքներն իրականացնում ենք ռմբակոծության տակ, որ սնունդը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնենք ազգաբնակչությանը։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները պատերազմական և խաղաղ ժամանակահատվածում միշտ եղել են մեր բնակչության կողքին և պատրաստ են իրենց կյանքի գնով բոլորին օգնության հասնել»,- նշեց Սարուխանյանը։