Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն ու Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ՌԴ նախարարը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ գրոհայինների տեղափոխման կապակցությամբ՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«ՌԴ պաշտպանության նախարարությանը մասնավորապես անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների տեղակայման վերաբերյալ տեղեկությունը»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուտափույթ կայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնության իրականացման գործում»: