Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի լիագումար նիստում անդրադարձ է եղել Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային:
Լարս Ասլան Ռասմուսեն (ԵԽԽՎ պատվիրակ, Դանիա) - Թուրքիան սպառնում է բոլոր հարևաններին՝ Սիրիային, Կիպրոսին, հիմա էլ՝ Հայաստանին: Կարևոր է հիշել Հայոց ցեղասպանությունը, որը Անկարան դեռ ժխտում է: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում, Լիբիայում և հիմա էլ նրանց բերել է` հարձակվելու հայերի վրա: Դրանից տուժում են նաև եվրոպացիները, օրինակ՝ լրագրողները: Հարցը միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն. մենք տեսնում ենք, որ այստեղ Թուրքիան է գործում: Թուրքիային կանգնեցնելու ժամանակն է:
Տաթև Հայրապետյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Հարավային Կովկասում դժվար ժամանակաշրջան է, որովհետև Թուրքիայի կողմից այստեղ ահաբեկիչներ բերելն իրական սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության համար, այլև ամբողջ տարածաշրջանի:
Իմ ադրբեջանցի գործընկերներն ակնհայտորեն խոստովանում են, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան հարձակվողն Ադրբեջանն էր: Իհարկե, կխոստովանեն նաև, որ եկեղեցին ռմբակոծողն ու խաղաղ բնակիչներին սպանողն էլ իրենք էին: Նայե՛ք ձեր քաղաքական ղեկավարությանը, որ կացնով քնած մարդուն սպանողին է հերոսացնում: Եվ 21-րդ դարում Եվրոպան պետք է հարց հնչեցնի. դուք նոր հիտլերնե՞ր եք պատրաստում, որ հաջորդիվ Եվրոպային է սպառնալու: