ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել.
Մինսկի խմբի համանախագահներն իրենց անհանգստությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղում բռնությունների շարունակման կապակցությամբ: Համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անմիջապես քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն՝ կողմերի միջև ձեռք բերված բոլոր պարտավորությունները կատարելու համար, որի նպատակն է կանխարգելել աղետալի հետևանքները տարածաշրջանում:
Մինսկի խմբի համանախագահները կրկին հայտարարել են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը ցանկացած պարագայում անընդունելի են: Համանախագահները երկու կողմերին էլ կոչ են անում անմիջապես իրականացնել մարդասիրական նպատակներով կրակի դադարեցում՝ դիերի, գերիների վերադարձը թույլ տալու համար, և կողմերին հորդորում շուտափույթ կերպով համաձայնեցնել կրակի դադարեցման վերիֆիկացիոն մեխանիզմը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հիմնախնդրի վրա՝ բանակցային հանգուցալուծման հասնելու նպատակով: