ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը տեղեկացրել է, որ ելույթ է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի և Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածաշրջանային իշխանությունների «Արևելյան Գործընկերության երկրներում դիմակայունության ամրապնդումը» թեմայով համատեղ սեմինարին:
«Որևէ կերպ հնարավոր չէ հաջողության հասնել Արևելյան գործընկերությունում դիմակայունության ամրապնդման գործում, երբ չի երաշխավորվում խաղաղ բնակչության անվտանգությունը, երբ ահաբեկչական պետություններին չի տրվում համարժեք պատասխան, երբ Ժնևյան կոնվենցիաներով արգելված զենքն օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ: Չնայած հոկտեմբերի 9-ին Մոսկվայում հայտարարված հումանիտար հրադադարին` Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն հարձակվել մեր քաղաքների և գյուղերի վրա` խախտելով իր պարտավորությունները:
Մենք այժմ գործ ունենք տարբեր տեսակի ռազմական հանցագործությունների հետ, այդ թվում`
քաղաքացիական անձանց դեմ պատերազմական հանցագործություններ, ինչպիսիք են արգելված կասետային զինամթերքի օգտագործումը և լրագրողների թիրախավորումը.
շրջակա միջավայրի ոչնչացման ուղղված պատերազմական հանցագործություններ, ինչպես, օրինակ՝ Արծվանիկի պոչամբարների թիրախավորումը,
մշակութային ժառանգության դեմ պատերազմական հանցագործություններ, ինչպես, օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց հայկական եկեղեցու միտումնավոր թիրախավորումը և գնդակոծումը, մեկ օրվա ընթացքում երկու անգամ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն անհապաղ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ երկու որոշում է հրապարակել, բայց Ադրբեջանը շարունակում է դրանք չկատարել:
Ուստի ես կոչ եմ անում միջազգային հանրությանը և յուրաքանչյուրիդ՝ անհատապես, խստորեն դատապարտել Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակվող վայրագությունները և համապատասխան պատիժներ փնտրել հանցագործների համար»,- իր ելույթում ասել է պատգամավորը: