ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ նախկինում ասել էր, թե ՍԴ նախագահի պաշտոնն իր համար գրավիչ չէ, ինչո՞ւ է այս դեպքում ինքնառաջադրվել:
«Չեմ ուզում շատ պաթոսային հնչի, բայց, իմ կարծիքով, այս իրավիճակում պարտավոր էինք այդ քայլը կատարել և պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ։ Ես ասել էի, որ չեմ ուզում լինել ՍԴ նախագահ, քանի որ ինձ համար ավելի գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը և հիմա էլ եմ այդ կարծիքին։ Ինչպես նկատում եք, շատ ոգևորված չեմ»,- ասաց Դիլանյանը՝ ընդգծելով, որ պատկերացնում է, թե ինչ պատասխանատվություն, ու ինչ աշխատանք է սպասվում ապագայում։
ՍԴ նախագահը հայտնեց, որ նիստին բոլոր 9 դատավորներն էլ ներկա են եղել ու մասնակցել քվեարկությանը, իսկ ինքն ընտրվել է 6 կողմ ձայնով։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող Սահմանադրական դատարան»: