Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտանոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Ֆրանսիայի հեղինակավոր հիվանդանոցների հինգ բժիշկ և մեկ բուժքույր կժամանեն Հայաստան։ Բժիշկների մի խումբը կաշխատի «Աստղիկ» բժշկական կենտրոնում, իսկ մյուսները ճանապարհ կընկնեն Գորիս և Ստեփանակերտ՝ օգնելու Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։
Բժիշկ Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ մարդասիրական, կամավորական առաքելություն է իրականացնում, դեռևս 2008 թվականին ֆրանսիացի բժիշկների հետ Հայաստանում սրտի տասնյակ բարդ վիրահատություններ է իրականացրել: Հայաստանից էլ Ֆրանսիա է տարել սրտի հիվանդություններ և սրտի արատ ունեցող երեխաների, վիրահատել և կրկին Հայաստան ճանապարհել։ Արցախի դեմ ագրեսիայի լուրը լսելուն պես կրկին շտապեց համախմբել կոլեգաներին:
Լևոն Խաչատրյան (սիրտանոթային վիրաբույժ) - Ինձ թվում է, որ մեզ միավորում են նույն միտքը, նույն զգացումը՝ բժշկի պարտքի զգացումը, մի տեղ, որտեղ դրա կարիքը շեշտված կա: Մեզ հետ տանում ենք նյութեր, դեղեր, որոնք անհրաժեշտ են վիրահատություն անելու համար, տանում ենք նաև սարքավորումներ, որոնք հետո կարող ենք թողնել Հայաստանում: Այդ սարքավորումները մեզ տվել է «Հույսի շղթա» կազմակերպությունը, խնդրեմ սա պարտադիր պահել:
Այս տուփերի մեջ կա դեղորայք, որը անհրաժեշտ է պատերազմի պարագայում առաջացող պաթոլոգիայի պայմաններում օգտագործվող դեղորայքի մի մասն են: Կոնկրետ այս դեֆիբրիլատորները ներհիվանդանոցային օգտագործման համար են, ինձ խնդրեցին, որ տանեմ, չունեն դեֆիբրիլատոր, կոնկրետ սա տանում եմ ինձ հետ, խնդրեցին, որ մոնիթորների կարիք կա՝ տանում եմ ինձ հետ:
Բժիշկների խումբն աշխատել է տարբեր ռազմական գոտիներում, նրանցից ոմանք առաջին անգամ չէ, որ Հայաստանում հումանիտար առաքելություն են իրականացնում, ինչպես, օրինակ՝ Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի վերականգնողական վիրաբույժ Պատրիկ Կնիպերը:
Պատրիկ Կնիպեր (վերականգնողական վիրաբույժ) - Երկրորդ անգամ եմ Հայաստան գնում, առաջին անգամ այնտեղ իրականացրել եմ վիրահատություններ, ինչպես նաև փորձի փոխանակում եմ իրականացրել իմ հայ գործընկերների հետ: Պատերազմական երկրներում աշխատելու փորձ ունեմ՝ Գազայում եմ եղել: Միշտ, երբ գնում ես նման իրավիճակներում գտնվող երկրներ, իհարկե, անհանգստություն ունես, բայց բժշկի առաքելությունից հզոր պարտականություն չկա:
Ամյենի հիվանդանոցի վիրաբույժ Պիեր Ժիրարը պատերազմի մեջ գտնվող երկրներում աշխատելու մեծ փորձ ունի:
Պիեր Ժիրար (վիրաբույժ) - Առաջին անգամ եմ Հայաստան մեկնում, մտահոգություններ չունեմ: Աֆրիկայում ևս եղել եմ, երբ այնտեղ պատերազմ էր ընթանում:
Փարիզի Պերսի ռազմական հիվանդանոցի վնասվածքաբան Միքայել Ղափարյանը մեծ նվաճում է համարում նաև այն, որ իրենց հետ կարող են տանել բժշկական սարքավորումներ:
Միքայել Ղափարյան (վնասվածքաբան) - Ծանր բաներ են, բայց կարողացանք մի քանի ֆիքսատոր տանել, ինքնաթիռով դժվար է, բայց մի քիչ տանում ենք մեզ հետ։
Սան ժոզեֆ հիվանդանոցի վիրաբույժ Ան Մարի Բերժն առաջին անգամ չէ, որ Հայաստան է մեկնում որպես բժիշկ:
Ան Մարի Բերժ (վիրաբույժ) - Ընկերս՝ Լևոնը, ինձ առաջարկեց միանալ խմբին և օգնել պատերազմի մեջ գտնվող հայերին, և ես համաձայնեցի: Իմ առաջին այցը չէ Հայաստան, բայց առաջին այցս է պատերազմի մեջ գտնվող երկիր, մեկ շաբաթով ենք մեկնում, աշխատելու եմ Երևանի և Գորիսի հիվանդանոցներում:
Ֆրանսիացի բուժքույր Մարի Լիես Տեյակին մասնագիտական առաքինությունը Բորդոյից կհասցնի Հայաստան և Արցախ։
Մարի Լիես Տեյակ (բուժքույր) - Մեզ հետ տանում ենք «Հույսի շղթա» կազմակերպության տրամադրած բժշկական պարագաները, մեկնում եմ Հայաստան՝ իրենց գործի գիտակ բժիշկների հետ: Գուցե մեկ շաբաթը քիչ ժամանակ է, բայց վստահ եմ, որ արդյունավետ ենք աշխատելու և կկարողանանք շատ մարդկանց օգնել։
Նախաձեռնությանն աջակցել են Աննա Կարոլինա և Շահբազյան հոլդինգները: