Սահման մեկնած կամավորի հաստիքը՝ լինի նա կաթ-մածունի մասնավոր արտադրամասից թե շինհրապարակից կամ պետական կառույցից, մինչև նրա վերադառնալը գործատուն պահելու է, ստաժը՝ չընդհատվի: Երեկվանից ուժի մեջ են մտել Աշխատանքային օրենսգրքի հրատապ ընդունված լրացումները՝ տեղեկացնում են Սոցապնախարարությունից:
Ժորա Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Թե՛ կամավորական հիմունքով մեկնած անձանց, թե՛ զորահավաքային զինվորական ծառայության մեկնած աշխատողների աշխատատեղը պահպանվում է:
Նախկինում այս կետը եղել է, բայց միայն կամավորների համար: Հիմա ընդհանրացվել է: Եթե, այնուամենայնիվ, որոշ ընկերություններ կրճատեն պատերազմ մեկնած աշխատակցին, հետո ստիպված վերականգնելու են կա՛մ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պահանջով, կա՛մ դատարանի վճռով: Այլ հարց, որ ժամանակավոր լրացնեն բացակայող աշխատուժը:
Ժորա Սարգսյան - Եթե այդ ընթացքում գործատուն իր աշխատանքների անխափանության համար ցանկություն ունի հաստիքը զբաղեցնել ժամանակավոր աշխատող՝ դա կարող է անել:
Ըստ Սարգսյանի՝ կրճատումների տրամադրություն գործատուները չունեն: Հակառակը՝ բիզնեսից այնքան զանգեր են ստացել, որ ուզում են վարձատրել սահմանը պահելու գնացած իրենց աշխատողին. օրենքը նաև այդ մասով են լրացրել: Այնպես որ՝ ցանկության դեպքում տնօրենները կարող են ֆինանսավորումը չընդհատել: Կամավոր թե զորակոչված անձանց՝ Պաշտպանության նախարարությունն էլ «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքով է որոշակի գումար տալու. հատուկ բանաձև կա:
Ժորա Սարգսյան - Եթե հաշվարկում ենք, ստացվում է 92 500 դրամ, գումարած դրան, կախված, թե ինչ ծառայության մեջ են ներգրավված, չափը կարող է ավելանալ. հաշվարկը կատարվում է ՊՆ կողմից: Գումարը կստանան նաև մասնավոր ընկերությունների աշխատողները: Այո, սա, բնականաբար, բոլորի համար է, բացառություն չէր կարող լինել: Գումարը վճարելու է բյուջեն, իհարկե:
Սոցիալական այս լրացումները հետադարձ ուժով տարածվելու են պատերազմի սկզբից՝ սեպտեմբերի 27-ից սկսած գործընթացների վրա: Ռազմական դրության պատճառով շուրջօրյա աշխատանքային ռեժիմի անցած պետական հիմնարկների համար էլ որոշվել է. գիշերվա հերթապահության, արտաժամյա կամ շաբաթ-կիրակիի գործի համար Աշխատանքային օրենսգրքի պահանջած հավելումը չեն ստանա: