Վարչապետը ներկայացրեց իրավիճակը, և յուրաքանչյուր քաղաքական ուժ արտահայտեց իր դիրքորոշումը: Փակ հանդիպում էր, մանրամասներ չեմ կարող ներկայացնել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո:
«Չեմ կարծում, որ այս փուլում պետք է հրապարակային ասենք՝ ինչ ենք քննարկել»,- նշեց նա:
Շարմազանովը բնական է համարում, որ հանդիպմանը հրավիրվել է նաև ՀՀԿ-ն, քանի որ իրենք պատերազմի մեկնարկի առաջին իսկ օրից հայտարարել են ներքաղաքական օրակարգը սառեցնելու և Հայաստանի և Արցախի կողքին կանգնելու մասին:
ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ իրենք հայտնել են իրենց կարծիքը, այն է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: «Պետք է ամեն ինչ անել, որ հրադադարի ռեժիմն աշխատի»,- ընդգծեց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին՝ Նա նշեց, որ դա պետք է արվի այն ժամանակ, երբ դա օգուտ կբերի ՀՀ-ի դիրքերի ամրապնդմանը: