Ճակատային գծում սաստիկ պատերազմը շարունակվում է բոլոր ուղղություններով: Գիշերը հարաբերական կայուն լարված է եղել, բայց առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, ավելի ուշ ակտիվացել հատկապես հյուսիսում, հյուսիս-արևելքում ու հարավում:
Հայկական բանակն արդեն 16 օր է` ճնշում է մի քանի անգամ իրեն գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերին, որին լիովին աջակցում են թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգեր, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ ու մասնավոր զինվորական կազմակերպություններ:
Հակառակորդը կրում է մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստ: Կեսօրին Արցախի բանակը տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես են մեր հակաօդային պաշտպանության միջոցներն արևելյան ուղղությամբ խոցում հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ:
Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է խեղաթյուրել իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: Հարևան երկրում նաև տեղեկություններ են տարածում, թե իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող մեր ստորաբաժանումներին հրետանային հարվածներ են հասցրել:
Ռազմաճակատի ամբողջ երկայնքով մերոնք շարունակում են փայլուն կատարել առաջադրված մարտական խնդիրները՝ միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնելով հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: