ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ հանդիպումն անցել է կառուցողական, բարձր փոխվստահության մթնոլորտում և եղել է շատ բովանդակալից:
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մեր դիրքորոշումը հիմնվում է բազմակողմանի համագործակցության վրա, որի ուղղությամբ մենք ունենք բազմավեկտոր երկխոսություն: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի այցելությունների դինամիկային: Ռուսաստանն անփոփոխ հանդիսանում է Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը»,- նշեց Մնացականյանը:
Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Մնացականյանը նշեց, որ այն դարձել է տարածաշրջանի անվտանգության համար անվտանգության սպառնալիք:
«Մեր հայրենակիցները Արցախում առերեսվում են գոյաբանական սպառնալիքի հետ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ագրեսիա է իրականացնում Արցախի ժողովրդի դեմ՝ պնդելով հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով և ժողովրդի ֆիզիկական վերացմամբ»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակարանների, մշակութային հաստատությունների վնասները, տվյալներ ներկայացրեց տուժած ու մահացած քաղաքացիական անձանց մասին:
Մնացականյանը հիշեցրեց, որ Արցախի խորհրդանիշներից մեկի՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն երկրորդ անգամ հարվածելիս վիրավորվել են նաև ռուս լրագրողներ:
«Գոյություն ունի գոյաբանական վտանգ, որի մասին մենք խոսում ենք տասնամյակներ շարունակ, որին Արցախի բնակչությունն առնչվում է: Սա բացասական գործոն է, մասնավորապես Թուրքիայի անմիջական ներգրավվելը, Սիրիայից և Լիբանանից ահաբեկիչ հրոսակների ներգրավվելը: Դա ապացուցվել է ոչ միայն մեր աղբյուրների կողմից, այլև արձանագրվել և հայտարարվել է համաշխարհային հանրության կողմից: Ռուսաստանի դերակատարումն այս գործում շատ կարևոր է»,- ընդգծեց Մնացականյանը՝ կարևորելով երկու օր առաջ արված համատեղ հայտարարությունը:
Նրա խոսքով՝ հրադադարի նշանակալի արդյունքներ դեռ չկան: Մնացականյանն ընդգծեց՝ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները հրադադարի վերաբերյալ:
«Միայն կրակի լիակատար դադարեցման դեպքում մենք կկարողանանք առաջ շարժվել բոլոր ուղղություններով: Հայաստանը եղել և մնում է հավատարիմ Արցախյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, և մենք ամեն կերպ կնպաստենք դրան: Այսօր, վաղը հանդիպումներ եմ ունենալու իմ գործընկերների, համանախագահների հետ և ուզում եմ ընդգծել, որ ազդեցությունն ու այն հարվածը, որն արել է Ադրբեջանը խաղաղ գործընթացին, չեն կարող հաշվի չառնվել:
Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն է, և մենք ամեն բան անելու ենք, որ ապահովենք Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները, տարածաշրջանը մաքրենք ահաբեկիչներից և բացասական ազդեցությունից»,- հավելեց Մնացականյանը: