«Լուրեր»-ի թղթակցի հարցին ի պատասխան, թե հաշվի առնելով, որ Արցախում ադրբեջանական ագրեսիան ուղեկցվում է խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ այս իրավիճակում խնդրի կարգավորման ի՞նչ տարբերակներ են մշակվում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ կողմերը պետք է հավատարիմ լինեն մոսկովյան համաձայնությանը, որում նշվում է կրակի անհապաղ դադարեցման, զոհվածների մարմինների և գերիների փոխանակման մասին: Նրա խոսքով՝ պետք է հետամուտ լինենք նաև, որ բանակցությունները վերսկսվեն համանախագահների միջնորդությամբ:
Հարցին՝ այս պահին մարդասիրական հրադադարի համար պայմաններ կա՞ն, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ իրենք դեռ չեն հասել այդ մակարդակին՝ անցնելու Կարմիր խաչի միջնորդությամբ մարդասիրական աշխատանքներին: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ խորհրդակցություններ են անցկացվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ակտիվ մասնակցությամբ:
«Եթե չկարողանանք հասնել մարդասիրական հրադարարի, այն կշարունակի բացասաբար ազդել մյուս հարցերի վրա, ուստի հրադադարի պահպանմումը մեզ համար և՛ մարտահրավեր է, և՛ կարևոր առաջադրանք:
Եթե կան մեղադրանքներ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հասցեին, մենք միշտ ենք խոսել այդ մասին՝ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդնել: Հայկական կողմերը չէ, որ հրաժարվել են այդ մեխանիզմի ներդրումից, այլ Ադրբեջանը: Ես չեմ կարող ընդունել մեղադրանքներն այդ մասով՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հասցեին, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը»,- ընդգծեց Մնացականյանը:
Լավրովը վերահաստատեց, որ հրադարարի ռեժիմի պահպանման հարցերը շատ կարևոր են: Նա նշեց, որ մոսկովյան համաձայնագրում հստակ նշվում է, որ հրադադարի պահպանման ռեժիմի հսկման մեխանիզմները լրացուցիչ են մշակվելու: «Չի կարելի ձգձգել այդ մեխանիզմների ներդրման գործընթացը, զոհվածների դիակները և գերիներին պետք է վերադարձնել իրենց հարազատներին»,- ասաց Լավրովը:
Նա ընդգծեց, որ ՌԴ-ն շատ ակտիվ ներգրավված է այդ խնդրում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի անդամ, ինչպես նաև որպես դաշնակցային երկիր մեր հարևանների համար: