Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարում մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։
«Որպես Ղազանչեցոց եկեղեցական համալիր հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, ապա վերակառուցվել 1990-ականներին՝ պատերազմից հետո, և դարձել տարածաշրջանի վերածննդի խորհրդանիշ:
Ամբողջ աշխարհում ծավալած մեր գործունեության միջոցով ականատես ենք եղել, թե մշակութային ժառանգության ոչնչացումն ինչպիսի անդառնալի կորուստ է ինչպես տեղական համայնքների, այնպես էլ համաշխարհային պատմության տեսանկյունից, քանի որ ընդմիշտ խզում է մեր կապերը անցյալի հետ` վերքեր հասցնելով ժողովուրդների ինքնությանը: Ուստի, մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ մշակութային ժառանգության վայրերը որևէ կերպ թիրախավորելուց: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը հավատարիմ է բոլոր համայնքների հետ համագործակցելու միջոցով համայն աշխարհում մեր ընդհանուր պատմությունը պահպանելու իր առաքելությանը»,- ասված է հայտարարությունում: