Այսօր Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու) կառավարության հարցուպատասխանին հաջորդող խմբակցությունների հայտարարությունների ժամին կառավարող կոալիցիայի մաս կազմող Էստոնիայի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։ Հայտարարությունը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը։ Այս մասին տեղեկացնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու) Էստոնիայի ժողովրդական պահպանողական կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մենք լրջորեն մտահոգված ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակիչներ:
Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունը Ադրբեջանին և բացահայտ աջակցությունը՝ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը բարձրաստիճան սպայական կազմի ներգրավմամբ, և դադարեցնել ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների ձևավորումը և ուղղորդումն ադրբեջանա-ղարաբաղյան ճակատ:
Պատմության ընթացքում հայերը Թուրքիայում և Ադրբեջանում ենթարկվել են հետապնդումների (19-րդ դարի վերջին, 1909, 1988, 1990) և Ցեղասպանության 1915 թվականին Օսմանյան կայսրությունում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման ջարդ չկրկնվի:
Պատմության ընթացքում հայկական տարածքը կրճատվել է 10 անգամ: Այն Խորհրդային Միության ամենափոքր անդամ պետությունն էր:
Արարատը՝ հայերի ազգային խորհրդանիշը, որտեղ հանգրվանել է Նոյան տապանը, ժամանակին երկրի կենտրոնն էր: Հիմա հայերն այն տեսնում են միայն հորիզոնում կամ հայկական կոնյակի շշի վրա՝ որպես նշան:
Նույնն էլ Վանը, որը ժամանակին Հայաստանի ներքին լիճ էր: Այս տարածքներում բնակվող հայերը տեղահանվեցին և (կամ) սպանվեցին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նոր սպանդ չլինի: Այդ նպատակով չպետք է թույլ տալ, որ հակամարտությունը սրվի:
Կոչ ենք անում կողմերին հետևել հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) նախագահների կողմից արված համատեղ հայտարարությանը և վերադառնալ բանակցությունների սեղան, քանզի հարցի կարգավորմանը կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով»։