Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի բանտում հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է France 24-ը:
«Ես փորձում եմ ոչ միայն ձեր կողմնակիցներին, այլև ամբողջ հասարակությանը համոզել, որ խնդրին պետք է ավելի ընդգրկուն նայել»,- ասել է Լուկաշենկոն: Նրան քննադատողները, սակայն, հանդիպումը համարել են թուլության առաջին նշան: Լուկաշենկոն մինչ այդ պահը հրաժարվում էր շփվել ընդդիմության հետ:
Բելառուսում երկու ամիս է՝ շարունակվում է բողոքի շարժումը և բախվում դաժան ճնշման:
Ցուցարարներին նախ ցրում են նռնակներով, հետո ոստիկանությունն ու դիմակավորված անձինք նրանց բերման են ենթարկում: Իսկ ընկնողներին դաժանորեն ծեծում են: Ըստ Весна իրավապաշտպան հասարակական կազմակերպության՝ մի քանի տասնյակ մարդու ձերբակալել են նույնիսկ ցույցերի սկսվելուց առաջ: Հարյուրավոր ցուցարարներ, քաղաքական ընդդիմության գործիչներ և լրագրողներ արդեն բանտերում են: