«Զվարթնոցի» թռիչքուղում Լոս Անջելեսից ժամանած օդանավն է: Հատուկ չվերթով ամերիկահայերը Երևան են ուղարկել պատերազմող Արցախի համար հրատապ հավաքած հումանիտար օգնությունը: Տուրբինները դեռ չսառած՝ սկսվում է ինքնաթիռի բեռնաթափումը: Ապրանքներն առաջին անհրաժեշտության հիվանդանոցային-բժշկական սարքավորումներ են, հագուստ և այլ պարագաներ՝ թվարկում է Ամերիկայի «Հայաստան» համահայկականի՝ ArmeniaFund-ի ուղարկած բեռը դիմավորող Հայկակ Արշամյանը:
20 տոննա այս բեռը ամերիկահայության աջակցության առաջին խմբաքանակն է: Եվս մեկ օդանավ՝ 40 տոննայանոց հումանիտար օգնությամբ, կգա առաջիկա օրերին: Առողջապահական արկղերի ու վիրաբուժական տեխնիկայի հետ Լոս Անջելեսից գալիս է, գիշերն արդեն Երևանում կլինի բժիշկների առաջին խումբը:
Մարդասիրական այս օգնության համար, ի դեպ, «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» միասնական նվիրատվությունից 1 դրամ անգամ չի ծախսել: Բեռը հավաքելուն զուգահեռ՝ ԱՄՆ-ում անցկացված դրամահավաքին հանգանակվել է ավելի քան 31 մլն դոլար: Քանի որ որոշ դոնորներ ավելի վաղ էին փոխանցել փողերը, որոշ գումարներ էլ դեռ խոստում են:
Համահայկական դրամահավաքի՝ հարցազրույցի պահի 93 մլն 856 հազար դոլար թիվը հիմնադրամի էջին կմեծացնեն հանում-գումարումից հետո:
Instagram-ում 185 միլիոն հետևորդ ունեցող Քիմ Քարդաշյանն իր 1 մլն-անոնց նվիրատվությամբ կոչ անի սեղմել Donate կոճակը թե հայազգի հայտնի այլ դեմք, ֆինանսական հանգանակության մեծ ալիք է բարձրանում, մարդկանց աջակցությունից ոգևորված է հիմնադրամի ղեկավարը:
ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից թե աշխարհի այլ անկյունից՝ հանուն Արցախի խոշոր գումարներ՝ 3 մլն դոլար, 5, 1 մլն տված անհատների ու կազմակերպությունների կողքին շատ-շատ են հատկապես հիմնադրամ եկած 1000 դրամները: Մարդիկ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» են տող-տող SMS ուղարկել. ...այնպես, որ՝ միայն հայաստանյան նվիրատուներին հաշվելու համար մի քանի օր է պետք: