ՌԴ և ՀՀ արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը, ի պատասխան լրագրողի հարցին, անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարություն ունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
ՌԴ ԱԳ նախարարն արձանագրեց, որ փաստաթղթում, որը շաբաթ օրը համաձայնեցվեց Մոսկվայում, հստակ նշված է ԼՂ խնդրի կարգավորման ձևաչափի անփոփոխելիության մասին:
«ԵԱՀԿ-ն շատ անդամ երկրներ կան, բայց այդ հարցի կարգավորմամբ զբաղվելու լիազորությունները պատվիրակվել են նրանցից երեքին՝ ՌԴ-ին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին, և վերջին օրերին հնչած բոլոր հայտարարությունները եղել են երեք երկրների անունից»,- ընդգծեց նա:
Լավրովը հստակեցրեց, որ երբ խոսում են ձևաչափի անփոփոխելիության մասին, իրենք հավատարմություն են հայտնում այն սկզբունքներին, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ իր թուրք գործընկերոջ՝ Չավուշօղլուի հետ զրույցում վերջինս հաստատել է, որ աջակցում է այդ ջանքերին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ հայկական կողմն աջակցում է գործող ձևաչափին՝ ընդգծելով, որ դա խաղաղ կարգավորման միակ ձևաչափն է, որը երբևէ հայկական կողմի համար կասկած չի հարուցել:
«Մենք կշարունակենք աշխատել այդ ձևաչափով: Սակայն այն, ինչ կատարվում է Արցախում, լուրջ ազդեցություն ունի մեր աշխատանքի վրա: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ խաղաղ կարգավորումը, բայց Ադրբեջանն ընտրել է ուժի միջոցով հարցի լուծմումը և ժխտում է խաղաղ կարգավորումը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ներգրավվածությանը ռազմաճակատում ընթացող գործողություններին, ապա Մնացականյանն ասաց, որ Թուրքիայի ակտիվ մասնակցությունը դրսևորվում է ահաբեկիչների ներկայությամբ մեր տարածաշրջանում, որը որևէ կերպ չի կարող ողջունվել: