Իսպանացի գրող, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գոնսալո Գուարչը բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Ձեզ գրում եմ մի հեռավոր և միևնույն ժամանակ մոտ վայրից՝ Իսպանիայից:
Թեև Դուք ինձ կասեք, որ այդ երկրի կառավարությունն ավելի քան մեկ դար անց դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Ղարաբաղի Հանրապետության բնակիչները պետք է իմանան, որ Իսպանիայի բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին իրենց կողքին են: Մեզ միավորում է քրիստոնեությունը: Նույնիսկ նրանք, որոնք չեն հետևում եկեղեցու բոլոր ծեսերին, գիտակցում են, որ մենք քրիստոնեական համընդհանուր մշակութային ժառանգության կրողներն ենք, որ մեզ միավորում է մի երկարատև պատմություն, որի ընթացքում երկու ժողովուրդները պայքարել են նույնանման արժեքների համար, մեզ միավորում են կյանքն ընկալելու արևմտյան մոտեցումը, նույն ընտանեկան արժեքները և համանման ինքնատիպ գծեր: Մեզ այնքան շատ բան է միավորում, որ նույնիսկ կարելի է ասել, թե հայերն ու իսպանացիները, որոնք միմյանց այդչափ նման ժողովուրդներ են, կարող են համարվել մեկ ընտանիքի անդամներ դեպի ապագան տանող ճանապարհին, որը մեր երկու ժողովուրդները տակավին պիտի անցնեն միասին:
Ահա թե ինչու կցանկանայի, որ Դուք՝ որպես փոքր և, միևնույն ժամանակ, մեծ Ղարաբաղի Հանրապետության առաջնորդ, իմանաք, որ այս խավար, այսքան դժնդակ ու դժվար օրերին, երբ այդքան մարդկային էակներ սպանվում են դաժան մարտերում Հայաստանի և հայերի թշնամիների կողմից, նրանք են սանձազերծել, ովքեր չեն հանդուրժում ձեր գոյությունն այդտեղ՝ Լեռնային Ղարաբաղում՝ բարձր պահելով հայ և քրիստոնյա ժողովրդի անկախության դրոշը, որն այդտեղ է վաղնջական ժամանակներից և առհավետ:
Որովհետև մեծ խաբեություն է ներկայացնել Ղարաբաղի ժողովրդին՝ փորձելով հավատացնել աշխարհին, թե իբր՝ հայ ժողովուրդը ադրբեջանցիներին վտարել է այդ լեռներից, երբ ակնհայտ և ապացուցելի ճշմարտությունն ամբողջովին հակառակն է: Իրականում հայերն էին վտարվել Ադրբեջանի գյուղերից և քաղաքներից, նաև Հայոց ցեղասպանության ժամանակ, որը հայ ժողովրդի դեմ իրագործել էին թուրքերը, ապա նաև հույն քրիստոնյաների, սիրիացի քրիստոնյաների, կայսրության բոլոր քրիստոնյաների դեմ՝ Փոքր Ասիան և Կովկասը ամեն գնով թուրքացնելու և իսլամացնելու բացահայտ մտադրությամբ, անգամ՝ քրիստոնյա ժողովուրդների ֆիզիկական բնաջնջմամբ, որոնք, սակայն, չհնազանդվեցին, մինչև իսկ իրենց բնաջնջման սպառնալիքի ներքո: Բայց աշխարհը գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղը միշտ հայկական հող է եղել, որովհետև քարերը համառ են, և այնտեղ շատ աճյուններ կան, որոնք ապացուցում են, որ այդ լեռները պատկանել են ժամանակակից հայերի նախնիներին դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում: Այս ամենը հավաքագրված և փաստագրված է Հայաստանի պատմության թանգարանում:
Ղարաբաղի հայ ժողովուրդը շարունակում է ապրել այդ նույն լեռներում, այդ նույն հովիտներում և շարունակում է լսել լեռներից իջնող գետակների կարկաչյունը ամենավաղ ժամանակներից ի վեր, առհավետ: Դեռևս հնագույն ժամանակներում այդտեղ՝ Արցախում, նրանք առևտուր էին անում Բաբելոնի, Շումերների երկրի, Պարսկական կայսրության հետ:
Այժմ Հայաստանի թշնամիները հավակնում են ոչնչացնել հնագույն խաղաղասեր մի ժողովրդի՝ Լեռնային Ղարաբաղի հայերին, կեղծ պատրվակով, իբրև դրանք Ադրբեջանի հողերն են, այնինչ շատ լավ գիտեն, որ այդ հողը միշտ եղել է հայկական հող, քրիստոնեական հող մեր թվագրության IV դարի սկզբներից ի վեր: Նրանք այդ ամենը գիտեն, և միակ բանը, որին հավակնում են, մի քաղաքակրթություն ոչնչացնելն է, որովհետև հայկական քաղաքակրթություն է, և գիտեն նաև, որ բացառությամբ սակավաթիվ դեպքերի՝ ադրբեջանցիները երբեք չեն ապրել այդ երկրում և երբեք էլ չեն ապրի: Նրանք միայն բուռն ցանկություն ունեն աշխարհին ապացուցելու, որ կարող են ոչնչացնել բոլոր նրանց, ում իրենց դարավոր թշնամին են համարում, չհասկանալով, որ ամենախոհեմը, ողջամիտը, քաղաքակիրթը կլիներ մոռանալ անիմաստ ատելությունը և ընտրել շատ տարբեր մի այլ ճանապարհ:
Պարո´ն նախագահ Հարությունյան, ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը միայնակ չեն: Իսպանիան, Եվրոպան և Արևմուտքը գիտեն իրադրությունը. լավ գիտեն, թե ով է կանգնած այս դաժան հարձակման հետևում, ով է ուղարկել ինքնաթիռները, ծանր զինատեսակները, հրետանին, վերջին սերնդի անօդաչու սարքերը, ով է հազարավոր վարձկան ջիհադիստների ուղարկել այդ տարածաշրջան, որոնցից շատերը նույնիսկ հարկադրված են եղել, քանի որ ցանկացել են մնալ ազատության մեջ, մյուսները՝ Արևմուտքի և քրիստոնյաների նկատմամբ ատելությամբ լի՝ որպես կամավորներ եկել՝ այդ գարշելի գործն իրագործելու, ինչպես նույնը ողբերգական ձևով տեղի ունեցավ վերջին տարիներին Սիրիայում, իսկ հիմա՝ փորձելով ահաբեկել մի ժողովրդի, որն իր երկարատև պատմության ողջ ընթացքում կրել է ճակատագրի շատ վայրիվերումներ, բայց երբեք վախ չի ունեցել, թե ինչ է պատահելու իրեն: Վարձկաններին ուղարկողները կարծես թե չգիտեն, որ Մարդկությունը պատերազմ չի կամենում, այլ՝ ժողովուրդների միջև խաղաղություն, նաև չգիտեն, որ այս հակամարտությունից հայերը նորից դուրս կգան հաղթանակած, քանի որ նրանց թշնամիներին երբեք չի հաջողվի հաղթել հայ ժողովրդին, քանզի նրանցն է պատմության, բանականության և ճշմարտության ուժը:
Պարո´ն նախագահ Հարությունյան, այսօր հայերը պահանջում են, որ և´ Աշխարհը, և´ Եվրոպան, և´ Իսպանիան իրենց չմոռանան, քանի դեռ դիմակայում են իրենց դեմ սանձազերծված անարդար պատերազմին: Երբ ավարտվեց Մեծ պատերազմը՝ Առաջին համաշխարհային պատերազմը, ԱՄՆ նախագահ Վիլսոնը, քաջատեղյակ լինելով հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, որոշում ընդունեց Սևրի պայմանագրով (1920 թ.) Փոքր Ասիայի և Կովկասի արդար բաժանում կատարել, որին ընդդիմացան թուրքերը՝ Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, պայմանագիր, որը չեղյալ հայտարարվեց 1923 թ. Լոզանի պայմանագրով, որում դաշնակիցները, կուշտ լինելով պատերազմից, անտարբերության մատնեցին այս ամենը: Այդժամ տեղի ունեցավ պատմական կեղծիք, և հայերը ստացան Սևրի պայմանագրով համաձայնեցված տարածքների նվազագույն մասը: Բայց նրանք չստորագրեցին Լոզանի պայմանագիրը, հետևաբար՝ պատմականորեն շարունակում են պաշտպանել վիլսոնյան Հայաստանը: Սա է դիվանագիտական ճշմարտությունը, թեև ոմանց կարող է դուր չգալ լսել այդ մասին:
Ճշմարտությունն այն է, որ այսօր հայ երիտասարդներն են նահատակվում անարդար պատերազմում, մինչդեռ ջիհադիստ ահաբեկիչներ են ուղարկվում տարածաշրջան՝ փորձելով ապակայունացնել Հայաստանը, մինչդեռ մի ռազմական գերտերության գերժամանակակից ինքնաթիռները ռմբակոծում են Արցախի Հանրապետության լեռների փոքրիկ բնակավայրերը, որտեղ ապրում են խաղաղասեր մարդիկ, քրիստոնյաներ, որոնք միայն ցանկանում են շարունակել ապրել այն տարածքում, որն արդեն իսկ իրենցն էր, երբ Նոյն առաջին անգամ տրորեց խաղողի ողկույզը:
Պարո´ն նախագահ Հարությունյան, հայերը երբեք մենակ չեն լինի, մենք՝ միլիոնավոր կանայք ու տղամարդիկ, ձեզ հետ ենք, որովհետև դուք գտնվում եք բանականության, արդարության և ճշմարտության հովանու ներքո:
Ջերմ ողջույններ եմ Ձեզ հղում այդքան հեռավոր ու այդքան մոտիկ Իսպանիայից»,- գրել է նա: