Դեղերը, որոնք տրվում են կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կարող են ազդել նրա հոգեկան վիճակի վրա և էապես մեծացնել միջուկային զենքի օգտագործման մասին ոչ համարժեք որոշում կայացնելու ռիսկը: Այս կարծիքը հայտնվել է The New York Times-ի էջում:
Պարբերականը ներկայացրել է փորձագետների կարծիքը, ըստ որի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո Թրամփի հակվածությունն անկանխատեսելի գործողություններին և հայտարարություններին վատթարացել է: Պետության ղեկավարի բժշկական թիմի ներկայացուցիչ Բրայան Գարիբալդին հայտնել է, որ բացի Remdesivir հակավիրուսային դեղամիջոցից՝ ԱՄՆ նախագահն ընդունել է նաև դեքսամետազոն՝ ստերոիդ, որը կարող է մարդուն էյֆորիայի մեջ գցել, էներգիայի անսպասելի ալիքներ և նույնիսկ անխոցելիության զգացում առաջացնել: Այդ նշանները թերթը նկատել է նախագահի վարքագծում:
Չնայած առողջական վիճակին՝ Թրամփն ակտիվորեն օգտագործել է Twitter-ը և օրական երկու-երեք հարցազրույց տվել: Դա էլ հիմք է հանդիսացել փորձագետներին զգուշացնելու, որ բուժման ընթացքում նախագահին արգելվի մոտենալ միջուկային կոճակին: