Ադրբեջանի զինված ուժերն առաջին իսկ օրից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կիրառել են մի շարք անթույլատրելի զինատեսակներ: Այդ թվում՝ իսրայելական և թուրքական անօդաչու թռչող սարքեր՝ հագեցած կասետային ռումբերով: Դրանց կիրառումը խաղաղ բնակչության դեմ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է: Սակայն կասետային ռումբերը լայն ցուցակի միայն մի մասն է: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ապացույցները ներկայացրեց հենց մամուլի ասուլիսին:
Այն, որ Ադրբեջանը կիրառում է կասետային ռումբեր, արձանագրել են նույնիսկ Ստեփանակերտում տեղադրված տեսախցիկները: Հակառակորդը նաև չի խուսափել քաղաքացիական բնակչության դեմ օգտագործել հեռահար բալիստիկ հրթիռներ, որոնց շեղումը նշակետից կազմում է ընդամենը մի քանի մետր: Ուստի ենթադրել, որ հարվածել են ռազմավարական օբյեկտի, իսկ կփել՝ բնակելի շենքի՝ անկարելի է, նշում է Բեգլարյանը:
Արգելված զենքերի լայն կիրառումը քաղաքացիական բնակչության դեմ առաջացրել է հումանիտար աղետի վտանգի. քաղաքներում մնացել են տասնյակ հազարավոր չպայթած պայթուցիկ նյութեր:
Արցախի ՄԻՊ-ը նաև լուրջ մտահոգություն և կասկած ունի, որ հակառակորդի մոտ գտնվող հայ զինվորների դիերի նկատմամբ կարող են վայրագություններ կատարվել: 2016 թվականի փորձն այդ մասին է վկայում, երբ նման պայմաններում ոտնձգությունները դիակների նկատմամբ պաշտոնական Բաքուն ոչ միայն չէր կանխարգելում, այլև խրախուսում էր:
Պատերազմի մեկնարկից մինչև երեկ՝ ներառյալ գիշերը, Արցախում ադրբեջանական հարվածների հետևանքով զոհվել է 25 քաղաքացի: Վիրավորվել է մոտ 90 մարդ: Արտակ Բեգլարյանը ընդգծում է՝ զոհեր կան հանրապետության գրեթե բոլոր խոշոր բնակավայրերում՝ անկախ ռազմական գործողությունների թատերաբեմից մոտ կամ հեռու գտնվելու հանգամանքին:
Զոհերից 5-ը սպանվել է հրադադարի հաստատումից հետո, ինչը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունները խախտելու մասին: