Ամերիկահայ համայնքը շարունակում է երկրի ղեկավարությունից պահանջել արդարության կողմը բռնել և ճանաչել Արցախի անկախությունը: Անցած մի քանի օրվա ընթացքում հուժկու բողոքի ակցիաներից հետո նախորդ երեկոյան Լոս Անջելեսում 150 հազարից ավելի հայ և օտարազգի ցուցարարներ կրկին հավաքվել են ակցիայի, որն ընթացքում ստացել է «Հաղթանակի քայլերթ» անունը: Այն ավարտվել է խորհրդանշական քայլով:
Ամերիկահայերը նախ հավաքվեցին Փան-Փսիֆիք փարքում։ Րոպեների ընթացքում մեծ այգին լցվեց եռագույնով ու թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան դատապարտող վանկարկումներով։ Քաղաքի այս հատվածը դարձել է փոքր Հայաստան, «Մենք բոլորս հայ ենք», նշեցին հայ համայնքին աջակցության եկած՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ներկայացուցիչենրը․
Դեյվիդ Ռյու (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Մենք զինադադար և թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցում ենք պահանջում, ԱՄՆ-ից պահանջում ենք նաև աջակցել Արցախին։ Սա հողի կռիվ չէ միայն, սա հարձակում է հայ ժողովրդի և հայ մշակույթի վրա, ինչպես 1915-ին, երբ ցեղասպանություն էին իրականացնում հայերի նկատմամբ։ Մենք պիտի դեմ կանգնենք այս ամենին։
Մի քանի ելույթից հետո, երբ հայերը ծանրաբեռնված մայրուղիներով տեղ հասան ու հավաքվեցին, Լոս Անջելեսի կենտրոնով սկսեց հոսել եռագույն երթը, որը համայնքն անվանեց «Հաղթանակի քայլարշավ»:
Լոս Անջելեսի ոստիկանության գնահատմամբ՝ ավելի քան 150 հազար հայ էր դուրս եկել փողոց: Ինչպես միշտ, հայերի երթն աչքի ընկավ բացառիկ կազմակերպվածությամբ՝ ոչ մի անկարգություն։ Մեր համերաշխ միասնականությունն այսօր մեր երկաթե շերեփն է, ասացին բանախոսները:
Միլենա Մայիլյան (Միացյալ հայ երիտասարդներ) - Այսօրվա ցույցը վառ ապացույց է բոլոր պետություններին, որ եթե մեկ գրամ կասկածել են հայի կամքին և մեր միասնականությանը:
Հարութ Փամբուկչյան - Լոս Անջելեսը երբեք այսքան միասնական չի եղել։ Բոլոր եկեղեցիները, կուսակցությունները այստեղ են, դա մեզ ուժ է տալիս, և մենք պիտի հաղթենք, նահանջի տեղ չունենք։
Հաղթանակի երթի դուրս եկած ամերիկահայերը փաստում են՝ աշխարհով մեկ երկշաբաթյա բողոքի ալիքը արդյունք ունեցավ:
Հաղթանակի քայլերթով ամերիկահայերը հայտարարեցին հերթական պահանջը՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում։ Այդ պահանջը նրանք նախևառաջ ուղղում են ԱՄՆ-ին։
Րաֆֆի Համբարյան (ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ատենապետ) - Արցախի պատմությունը փաստացի շատ ամերիկյան պատմություն է: Դա իրականում ազատատենչ ժողովրդի հաղթանակի պատմությունն է՝ օտարի ճնշման նկատմամբ։ Եվ մենք այսօր այստեղ ենք՝ նշելու այդ անկախությունն ու ԱՄՆ-ից պահանջելու՝ ճանաչել Արցախի անկախությունը։
Ամերիկահայ ցուցարարներին էր միացել նաև կոնգրեսական Ադամ Շիֆը։ Նա իր և կոնգրեսական Բրեդ Շերմանի անունից աջակցություն հայտնեց Հայաստանին ու Արցախին և կոչով դիմեց ՄՆ կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը․
Ադամ Շիֆ (ԱՄՆ Կոնգրեսի անդամ) - Հայ համայնքի հետ Ադրբեջանին կոչ ենք անում վերջ տալ թշնամությանը, Թուրքիային կոչ ենք անում հետ քաշվել և, որ ամենակարևորն է, վերջ տալ մահաբեր ռազմատենչությանը:
Թուրքիայի հյուպատոսության շենքի առջև կոնգրեսական Շիֆը դիմեց Էրդողանին ու Ալիևին։ Չնայած ձեր կողմից դաժան հարձակմանն ու ռմբակոծմանը՝ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը կանգնած է, իսկ մենք կանգնած ենք նրանց կողքին:
Ադամ Շիֆ - Տասնամյակներով մեր քաղաքականությունն է եղել՝ Արցախի կարգավիճակի հարցը որոշել բանակցային ճանապարհով։ Եթե Թուրքիան և Ադրբեջանը որոշել են հարցը ուժով լուծել, ԱՄՆ-ը պիտի առաջ շարժվի՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ։ Անկախություն՝ Արցախին։
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը հիշեց, որ մեկ տարի առաջ՝ նույն օրը, Ստեփանակերտի Հանրապետության հրապարակում պարում էր՝ մասնակցելով բերքի տոնին։ Նա բոլորին կոչ արեց կանգնել Արցախի կողքին, որ մեկ տարի հետո վերականգնված Ղազանչեցոց եկեղեցում մոմ վառենք ու կրկին պարենք:
Փոլ Կրեկորյան (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Ամեն ապրիլի 24-ին աշխարհը չէր լսում, չլսեց նաև, երբ Գուրգեն Մարգարյանը կացնահարվեց։ Մենք գիտեինք՝ դա ինդիկատոր էր, թե ադրբեջանցիներն ինչ էին ծրագրում հայերի նկատմամբ։ Արցախցիները քարի պես ամուր են։ Մենք էլ պետք է Ամերիկային ստիպենք կանգնել նրանց կողքին ու ասել՝ բավական է»։
Ամերիկահայ համայնքի քայլարշավին էին միացել նաև այլ ազգության ցուցարարներ:
Երթի դուրս եկած ամերիկահայերը ժամանակ չկորցրին․ շատերը տեղում գումարներ փոխանցեցին Հայաստան համահայկական հիմնադրամին, իսկ «Հաղթանակի երթն» ավարտեցին խորհրդանշական ժեստով՝ Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա Արցախի դրոշի գունավոր պատկերը դրոշմելով։