Ավելի քան 500 գիտնական և արվեստագետ աշխարհի տարբեր ծայրերից խաղաղության կոչով են հանդես եկել։
«Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում միջազգային հանրությանը, Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունների քաղաքացիներին՝ պահանջել անհապաղ կայուն զինադադարի ռեժիմ՝ կանգնեցնելու համար Արցախի և Հայաստանի հանրապետությունների դեմ ծավալած պատերազմը»,- ասված է կոչում։
Զինադադարի անհապաղ կոչով սկսվող բաց նամակն ամբողջությամբ հրապարակված է կայքում՝ 7 լեզվով։
Ամերիկացի պրոֆեսոր, հայագետ Ջեյմս Ռասսելը, թուրք պրոֆեսոր, պատմաբան Թաներ Աքչամը, ֆրանսիացի գրող Ժան-Կլոդ Կարիերը, գերմանացի պրոֆեսոր, կովկասագետ-իրանագետ Յոստ Գիպպերտը, իսրայելցի պրոֆեսոր, կրոնագետ Մայքլ Ստոունը, պարսիկ ռեժիսոր Էբրահիմ Գոլեստանը և 500-ից ավելի գիտնական-հետազոտողներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, միջազգային ուսումնական հաստատությունների ուսանողներ և ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռնարկած լայնամասշտաբ ռազմական արկածախնդրության վրա, որի արդյունքում շարունակում է տուժել Արցախի խաղաղ բնակչությունը, ոչնչացվում են բազմաթիվ ենթակառուցվածքներ և մշակութային կառույցներ:
«Նպատակը մեկն է՝ ադրբեջանաթուրքական բանակի, սիրիացի վարձկանների և ջիհադիստների միավորված խմբերի միջոցով բնաջնջել հային և հայոց մշակութային ժառանգությունը»․- նշված է բաց նամակում։
Մեջբերելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մարդասիրական կոչերն առ այն, որ «մեր կռիվը Ադրբեջանի դեմ է, ո՛չ թե Ադրբեջանի խաղաղ բնակչության»՝ նամակում ներկայացված են նաև Իլհամ Ալիևի խոսքերը, որոնք ուղղակիորեն ոտնահարում են մարդու հիմնարարար իրավունքները․ «Հիմա մենք ցույց տվեցինք, թե ով ով է: Մենք նրանց քշում ենք շների նման: Ադրբեջանցի զինվորները նրանց շների պես քշում են»:
Բաց նամակը ստորագրած միջազգային գործիչները անհապաղ միջնորդության գործընթացի իրականացման և ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի դադարեցման կոչ են հղում՝ ի նպաստ տարածաշրջանի անվտանգության, միաժամանակ շեշտում են, որ ներկայիս իրավիճակը 1915-ի Հայոց Ցեղասպանության չճանաչման և չդատապարտման անմիջական հետևանքն ու արդյունքն է։
Միջազգային գործիչների՝ խաղաղության և զինադադարի հաստատման կոչին առցանց շարունակում են միանալ բազմաթիվ գործընկերներ աշխարհի տարբեր անկյուններից։