Աշխարհի տարբեր անկյուններից բժիշկները բողոքում են այն պայմանների դեմ, որոնցում նրանք պայքարում են SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակի դեմ: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում կատարելով Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) աղբյուրին:
Ըստ թերթի՝ Իսպանիայի բժիշկները բողոքում են իրենց աշխատանքի նկատմամբ պետության վերաբերմունքից: Բժիշկների ավելի քան 35 տոկոսն այս երկրում աշխատում է կարճաժամկետ պայմանագրերով, և համաճարակի դեպքում նրանցից շատերը լրիվ զրկվում են հանգստյան օրերից:
Խնդիրներ են նկատվում նաև Հնդկաստանում, որտեղ բուժաշխատողները, ներառյալ «կարմիր գոտում» աշխատողները, արդեն մի քանի շաբաթ է՝ սպասում են վճարումներին: Երկրի ամենամեծ հիվանդանոցներից մեկի բժիշկները գործադուլ են հայտարարել՝ աշխատավարձի եռամսյա ուշացումից հետո:
Հունգարիայում կառավարությունը որոշում է կայացրել զգալիորեն բարձրացնել երիտասարդ բժիշկների աշխատավարձը, բայց միաժամանակ խստացրել է վերահսկողական միջոցառումները նրանց նկատմամբ, ինչն էլ վիճակը շատ չի թեթևացրել:
Ռուսաստանն էլ է հատուկ պայմաններ նախատեսել կորոնավիրուսի դեմ պայքարի «առաջին գծում» գտնվող բժիշկների համար: Աշխատանքային հատուկ պայմանների և լրացուցիչ ծանրաբեռնվածության համար նրանք իրավունք ունեն ստանալ լրացուցիչ վճարումներ: