Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ, որը Wargonzo նախագծի հեղինակն է:
Ռուս լրագրողին մեղադրում են, որ նա Հայաստանի տարածքով գնացել է Արցախ, որն Ադրբեջանը համարում իր օկուպացված տարածքը (Ադրբեջանի ՔՕ 318.2 հոդված՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում): Մարդիկ, որոնք առանց Բաքվի պաշտոնական ծանուցման գնում են Արցախ, հայտարարվում են «պերսոնա նոն գրատա» և հայտնվում ադրբեջանական «սև ցուցակում»: Ադրբեջանում նրանք քրեական հետապնդման են ենթարկվում:
Պեգովի դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության հրապարակային կոչեր», «Պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները ստուգում են ադրբեջանցի քաղաքագետ Սաադաթ Գուլիևի` Девичья башня տելեգրամյան ալիքում արված հրապարակումները, որոնք վերաբերում են Ղարաբաղին։ Գուլիևը, ի պատասխան ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի՝ Ղարաբաղում ընթացող պատերազմի, այդ թվում՝ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների մասին հրապարակումների, լրագրողին մահ էր «մաղթել» և գրել, որ նա «կոչնչացվի»:
Բացի դրանից՝ քաղաքագետը մի քանի հրապարակման մեջ անպարկեշտ խոսքեր էր ասել Պեգովի հասցեին։ Քննության արդյունքում կորոշվի քրեական գործ հարուցելու կամ մերժելու հարցը։