2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ից սկսած և դրան հաջորդող օրերին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ընդհանուր հրամանատարությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմեր՝ 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և (կամ) Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից (Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 1945 թ. հոկտեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թ. մարտի 2-ից)), 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա» կետի (պետության զինված ուժերի ներխուժումը կամ հարձակումը այլ պետության տարածք), «բ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության տարածքի ռմբակոծումը կամ պետության կողմից այլ պետության տարածքի դեմ ցանկացած զենքի կիրառումը), «գ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության ցամաքային, ծովային կամ օդային ուժերի կամ ծովային և օդային նավատորմերի վրա հարձակումը) և 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի (այսուհետև՝ ՄՔԴ) Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թվականի 1-ին Լրացուցիչ արձանագրության 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի և 85-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերի (այսինքն՝ պետությունների պրակտիկան սահմանում է պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պետությունն արդյոք հանդիսանում է 1-ին Լրացուցիչ արձանագրության կամ ՄՔԴ ստատուտի մասնակից) պահանջները, ականանետային-հրթիռահրետանային միջոցների կրակահերթերի և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ոտնձգել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ և իրականացնելով ագրեսիայի ակտ:
Մասնավորապես.
ՀՀ քննչական կոմիտեում հարուցված շուրջ մեկ տասնյակ քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով պատերազմ վարելու արգելված մեթոդներ, չտարբերակելով քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող 10 խաղաղ բնակավայրերի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, նույն մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ բնակավայրերի, Վարդենիկ, Արծվանիստ, Մեծ Մասրիք համայնքների, Կոտայքի մարզի Կապուտան, Կոտայք համայնքների, Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ խիտ բնակեցված շրջաններում ապրող քաղաքացիական բնակչությանը, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, բնակելի տները, ուսումնական հաստատությունները և այլ ենթակառուցվածքները, մարդատար ավտոբուս, առանձին քաղաքացիական անձանց, որի արդյունքում սպանվել են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող թվով 4 անձիք, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել երկու քաղաքացիներ։ Ականանետային-հրթիռահրետանային միջոցների և ԱԹՍ-երի կիրառմամբ գրոհները հանգեցրել են դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով մասնավոր և պետական գույքի կանխամտածված ոչնչացմանը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հանցավոր գործողությունների արդյունքում 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքում՝ Վարդենիս համայնքի մոտակայքում, խոցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ՍՈՒ 25 օդանավը, որի արդյունքում զոհվել է օդանավի օդաչու, մայոր Վալերի Դանելինը։
Հարուցված քրեական գործերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կողմից քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ:
Արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն։