Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, բայց ադրբեջանական զորքերը գյուղի մատույցներում են՝ այսօր տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերին:
«Քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք համապատասխան զորքերի վերախմբավորումներ Թալիշ - Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակվել,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով,- ես մի քանի անգամ շեշտել եմ, խնդրել եմ, որ կոնկրետ գյուղերի, դիրքերի, կոնկրետ մատույցների վերաբերյալ հրապարակումներից չկատարենք այնպիսի եզրակացություններ և քննարկումներ, որ արդյո՞ք այս բլուրը, այս բնակավայրը մենք վերահսկում ենք, թե՞ ոչ»:
Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր խոցվել են հակառակորդի 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա և 1 ինքնաթիռ, մոտ 200 ադրբեջանցի է սպանվել։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ասաց, որ Քարվաճառում էլ ընթանում են մարտական գործողություններ։
«Այսօրվա ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել։ Մարտերն ինտենսիվությամբ, կարող է՝ զիջում են ավելի հարավում տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է»,- ասաց Հովհաննիսյանը։