Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես եկան մամուլի ասուլիսով:
ՌԴ ԱԳ ղեկավարը տեղեկացրեց՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է այցով, որը վաղուց էր պլանավորվել՝ որպես անցած տարվա նոյեմբերին կատարած իր այցի պատասխան արձագանք, և հաշվի առնելով երկու երկրների ամբողջ օրակարգը՝ երկկողմ և միջազգային կտրվածքով:
«Դրա հետ մեկտեղ, մենք երկու օր առաջ հանդիպեցինք եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում, որը տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի կոչով:
Ամենասկզբից, թե՛ երկկողմ կարգով, թե՛ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում ամեն ջանք գործադրվեց, որպեսզի կողմերին հետ վերադարձնենք բանակցությունների սեղանի շուրջ:
Մի շարք հեռախոսազանգերի արդյունքում, որոնք տեղի ունեցան Ադրբեջանի նախագահ Ալիևի, ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ, մեր նախագահը նախաձեռնություն հանդես բերեց՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, նաև նախաձեռնելու խորհրդակցություններ՝ կարգավորման բոլոր հարցերի վերաբերյալ: Երկու օր առաջ այստեղ տեղի ունեցավ մեր հանդիպումը, որը մեզ թույլ տվեց համաձայնություն ձեռք բերել, որը հրապարակվել և տարածվել է ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում, և հուսով ենք՝ ձեռք բերված համաձայնությունները անշեղորեն կկատարեն բոլոր կողմերը:
Փոխանակեցինք կարծիքներ, թե ինչպես ենք առաջ շարժվելու: Դա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծվելու են արագ և միաժամանակ: Մենք հասկանում ենք, որ գործընթաց է պահանջվում, բայց ձգձգելու կարիք չկա: Մեր հայաստանյան գործընկերներին տեղեկացրինք, թե ինչպես է ընթանալու գործընթացը:
Մենք դինամիկ գործընթաց ունենք քաղաքական երկխոսության բարձր մակարդակով՝ հաշվի առնելով անխուսափելի սահմանափակումները՝ կորոնավիրուսի հետ կապված և որոշեցինք ընտրել հեռավար ձևաչափը:
Մեր պետությունների ղեկավարներն արդեն յոթ անգամ շփվել են, վերջերս Եվրասիական խորհրդի հանդիպման ընթացքում մեր վարչապետը հանդիպեց ՀՀ վարչապետի հետ»,- ասաց ՌԴ ԱԳ ղեկավարը:
Լավրովը ասուլիսի ընթացքում նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարում երկու երկրների գործադրած ջանքերին, տեղեկացրեց՝ խոսվել է նաև երկու երկրների միջև առևտրային շրջանառության մասին, անդրադարձ է կատարվել նաև այլ թեմաների: