ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ շուրջ երկու օր առաջ Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ, որը տևեց շուրջ 12 ժամ, ձեռք բերվեց կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն, որը, սակայն, մյուս կողմը չի պահպանում:
«Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել մարտական գործողությունները: Ռուսաստանի դերն այս հարցում անչափ կարևոր է: Ցավոք սրտի, մենք հիմա չենք կարող ասել, որ ունենք կրակի ամբողջական դադարեցում: Այստեղ գալուց առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանը չի պահպանում իր պարտավորվածությունը կրակի դադարեցման մասով»,- նշեց Մնացականյանը:
Նախարարը հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս շարունակվում է լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ, որտեղ բացահայտորեն արտահայտվում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական կողմի նկրտումները:
Մնացականյանի խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը հարձակում են իրականացրել 120 քաղաքացիական կետերի նկատմամբ, քաղաքների և գյուղերի վրա, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով բազմաթիվ ենթակառուցվածքներ են վնասվել:
Խաղաղ բնակիչներից զոհվել է շուրջ 20, վիրավորվել ավելի քան 100 մարդ:
«Հակամարտությունը սրվում է նաև Թուրքիայի, Սիրիայի և Լիբանանի օտարերկրյա ահաբեկչական, կրոնական արմատականների ներգրավմամբ: Դա ապացուցվել է ոչ միայն մեր աղբյուրների կողմից, այլև արձանագրվել և հայտարարվել է համաշխարհային հանրության կողմից»,- նշեց նախարարը՝ հույս հայտնելով արդյունավետ քննարկման: