Հրադադարի պայմանավորվածության երկրորդ օրն է, բայց Արցախի բնակիչները երկրի ամբողջ տարածքում շարունակում են լսել արկերի պայթյունների ու օդային տագնապի ազդանշանի ձայներ: Արցախի Մարտունին արդեն 2 գիշեր է՝ հրթիռակոծվում է:
Առաջին հարվածից չեն հասցնում կազդուրվել, վրա է հասնում մյուսը: Հոկտեմբերի 10-ին՝ կեսգիշերին մոտ, երբ հրադադարի արդեն տասը ժամվա պայմանավորվածություն կար, Սաղյանների տունը վայրկյանների ընթացքում հողին հավասարվեց: Տանը միայն 75-ամյա Պարգև Սաղյանն էր:
Տղան՝ Արմեն Սաղյանը, եղբոր հետ ապաստարանում էր գիշերում: Հայրը հրաժարվել էր տնից դուրս գալ, տարիքը չէր ներում, տունը լքելու ցանկությունն էլ մեծ չէր: Տղաներն էլ օրը 2 անգամ սնունդ էին տանում տուն:
Արմեն Սաղյան (Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ, մահացած Պարգև Սաղյանի որդին) - Գիշերը 12 անց կեսին հրետակոծություն եղավ, զանգեցին ինձ, ասаցինч ձեր տանն է կպել հրթիռը: Ես ու եղբայր անմիջապես վազելով գնացինք, տեսանք, որ հրթիռը տան պատին է կպել, մեծ փոս կար:
Մի քանի անգամ տան կողքերով շրջել, ձայն են տվել՝ հրաշքի սպասելով, բայց ապարդյուն՝ արձագանք չկար:
Արմեն Սաղյան - Ես և եղբայրս ձեռքով փորձեցինք ինչ-որ բան անել, քարերը տեղաշարժեցինք: Ինքը առաջին հարկում էր, մինչև այդ հարկի առաստաղը հասավ, հետո հարևանները, հարազատները եկան, ասացին՝ ձեռքով ոչնչի չես հասնի:
Վահրամ Սաղյան (Արցախի Մարտունի քաղաքի հրշեջ փրկարարական մասի պետ) - Փորձել ենք ինչ-որ կերպ քանդել էդ փլվածքները, հանել էդ մարդու դին: Նախնական տվյալներով՝ մահացած էր, որոշել ենք առավոտյան ժամին տեխնիկայի օգնությամբ հանել:
Պարգև Սաղյանի դին միայն հատուկ տեխնիկայի օգնությամբ է հնարավոր եղել հանել: Արցախյան պատերազմների ընթացքում արդեն երրորդ զոհն է ունենում այս ընտանիքը: Առաջին պատերազմին էլ Արմենի 2 եղբայրն են զոհվել: Հրադադարի երկրորդ օրն էլ Մարտունիում հանգիստ չի եղել, գիշերային հրետակոծությունից հետո 3 բազմաբնակարան շենք է վնասվել, բարեբախտաբար, առանց տուժածների: