Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի վերաբերյալ ս․թ․ հոկտեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնությունը և կոչ անում բոլոր դերակատարներին, այդ թվում՝ արտաքին կողմերին, ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ զոհերի: Այս մասին ասվում է ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ։
«Այս առումով, մենք ծայրաստիճան անհանգստությամբ ստանում ենք հաղորդումներ շարունակվող ռազմական գործողությունների, այդ թվում քաղաքացիական թիրախների դեմ ուղղված, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին և կողմերին հորդորում ապահովել համաձայնության նկատմամբ լիակատար հարգանք՝ տեղական մակարդակում:
ԵՄ-ն կողմերին կոչ է անում առանց հապաղելու վերադառնալ բովանդակային բանակցությունների դաշտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների և համաձայնեցված սկզբունքների հիման վրա:
ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին` հակամարտությանը բանակցությունների միջոցով քաղաքական լուծում գտնելու հարցում և կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։