Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսել են մարտական գործողությունները՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ։ Նա շեշտեց, որ Ադրբեջանը Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարել: «Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, թե իրենք պատրաստակամ են եղել կատարելու պայմանավորվածությունները, լիովին կեղծիք են»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը փորձում է ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ։
«Վաղ առավոտյան հարձակողական գործողությունները սկսվել են 3-4 ուղղություններով։ Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են նաև ծանր հրետանային միջոցներ։ Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման աջակցության, հետախուզական կետերի աջակցության տակ՝ կիրառելով բազմատեսակ մարտական հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդայիններին հաջողվել է խոցել մեկ Սու-25 գրոհիչ»,- ասաց Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացում տարբեր ձևերով մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ։
Նա խոսեց Հադրութի ուղղությամբ իրականացված դիվերսիոն-հետախուզական գործողությունների մասին, շեշտեց՝ հայկական կողմը կասեցրել է դրանք ու ետ շպրտել հակառակորդին: «Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը: