1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի դեպքերի քրոնիկոնը:
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պայմանները՝ թույլ չտալով դիակների և գերիների փոխանակում իրականացնել. Հովհաննիսյան
«Ադրբեջանի ԶՈՒ-ն, խախտելով հրադադարի պայմանները և՛ հարավային, և՛ հյուսիսային ուղղություններով, ձեռնարկել է հարձակողական գործողություններ։ Մասնավորապես՝ գրոհ են իրականացրել զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ։ Հյուսիսային ուղղությամբ կորցնելով 2 զրահատեխնիկա՝ հետ են շպրտվել։ Հարավային ուղղությամբ ևս եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են։ Օրվա ընթացքում խոցվել է նաև 1 ԱԹՍ։ Որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն կրակի դադարեցման պայմանի լիարժեք պահպանում չի կատարվել, ինչը թույլ կտար դիակների և գերիների փոխանակում իրականացնել»,- նշել է Հովհաննիսյանը։
Սեպտեմբերի 27-ից մինչև երեկ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է առնվազն 25 զոհ․ ԱՀ ՄԻՊ
«Մինչև երեկ, այս գիշերը ներառյալ, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հետևանքով արձանագրվել է 25 զոհ, որոնցից 5-ը երեկ են արձանագրվել՝ ամսի 10-ին»,- տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով իրենց փաստահավաք գործունեությունը: Նրա ներկայացմամբ՝ 25 զոհից 9-ը կին են, նաև՝ 1 երեխա: Բեգլարյանի խոսքով՝ եղել է առնվազն 102 վիրավոր:
Հադրութում երեկ ահաբեկիչները սպանել են ևս երկու քաղաքացիական անձի․ Բեգլարյան
«Հրադադարի պայմանավորվածությունից հետո ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Հադրութ, ըստ որոշ տվյալների, նաև՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ: Այնտեղ ահաբեկել են բնակչությանը, վառել են որոշ տներ, նաև սպանել են որոշ քաղաքացիական անձանց: Երեկվա դրությամբ՝ մենք տեղեկություն ունեինք 2 հոգու մասով՝ հաշմանդամ տղայի ու նրա մոր, որոնց սպանել են գնդակահարելով, նաև քիչ առաջ մենք նոր տեղեկություններ ստացանք։ Երկու քաղաքացիական անձինք՝ Նվեր Գրիգորյանը և Արտյոմ Միրզոյանը, նույնպես սպանվել են վարձկան ահաբեկիչների կողմից»,- այսօր Արցախի տեղեկատվական շտաբում ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ դեպքից հայտնելով մանրամասներ:
ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները. ՊՆ խոսնակ
Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները՝
տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Այսօր Արցախի երկնքում խոցվել է հերթական անօդաչու թռչող սարքը. ՊԲ
Հոկտեմբերի 11-ին Արցախի երկնքում խոցված հերթական թշնամական անօդաչու թռչող սարքը՝
տեղեկացնում են ՊԲ-ից:
Գիշերվա հրթիռակոծության հետևանքով Մարտունիում զոհվել է մեկ մարդ, վնասվել՝ բնակելի տներ
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, որի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, և վնասվել են բնակելի տներ:
Հյուսիսարևելյան ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են հակառակորդի հարձակման փորձը
Հյուսիսարևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ:ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ՝ հայտնում են ԱՀ ՊԲ-ից:
Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում. Հովհաննիսյան
Ֆեյսբուքում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով՝ սակայն մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ:
Թել Ավիվից Բաքու եկող «հումանիտար» օգնության ոչ ամբողջ ծավալը
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում լուսանկարներ է տարածել ու գրառում կատարել՝ նշելով. «Սրանք Թել Ավիվից Բաքու եկող «հումանիտար» օգնության ոչ ամբողջ ծավալն է։ Փաստորեն քսան տարին քիչ էր զինվելու համար»:
Հոկտեմբերի 10-ին ու 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին. ՊԲ
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ՝ հայտնում է ԱՀ ՊԲ-ն:
Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ
անուններ
Ադրբեջանի կորուստները․11.10.2020 11։00
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 2 զրահատեխնիկա, կա 350 զոհ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Դիվերսիոն խմբի նպատակը եղել է հրադադարը սկսելու ժամերի ընթացքում գրավել Հադրութը. ԱՀ նախագահ
ԱՀ նախագահը հայտնեց, որ հաջողվել է նրանց այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերաձևավորվել, վերադասավորվել, և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում։
Եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, կդիմեմ ՀՀ-ին և մյուս երկրներին` ճանաչելու Արցախի անկախությունը. ԱՀ նախագահ
ԱՀ նախագահն առավոտյան 10.00-ց ընթացող ասուլիսի ընթացքում ասաց, որ դեռ չի ուզում վերջնական ասել, թե Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների պահվածքն ինչպիսին է լինելու, ինչքանով են հարգելու ՌԴ միջնորդությունը, միջազգային հանրության կոչը՝ գնալու հումանիտար հրադադարի և ապա բանակցությունների: Եթե դա չլինի, ապա դա ևս մեկ ապացույց կլինի, որ խնդիրը ղարաբաղա-ադրբեջանական խնդրի լուծումը չէ, այլ այստեղ թաքնված են մարդկությանը վտանգ սպառնացող ծրագրեր:
Արցախի դեմ կռվում են վարձկաններ. հերթական ապացույցը
տեսանյութ
Ստեփանակերտում այս գիշեր տեղի ունեցած հրետակոծությունից ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող շինությունը
«Լուրերի» նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում. տեսանյութ