Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ:
«Կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար:
Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ միջազգային ահաբեկիչների հետ դաշինքով, Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան դադարեցնելու ճանապարհին: Մարդասիրական հրադադարը պետք է Ադրբեջանի կողմից անշեղորեն պահպանվի և ամուր հիմք դնի 1994թ. մայիսի 12-ի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերի գործողությունը լիակատար վերականգնելու համար:
Կարևոր ենք համարում, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի բացառիկ դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջնորդական գործունեության իրականացման մեջ:
Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից չորս տարիների ընթացքում սանձազերծված երկու ագրեսիաները համոզիչ կերպով ցույց են տալիս ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառող մեխանիզմի ներդրման հույժ անհրաժեշտությունը: Վերահաստատում ենք պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, որ միայն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն և ցույց կտա միջազգային հանրության համար ուժի կիրառման անընդունելիությունը՝ որպես հակամարտության լուծման միջոց»,- ասված է հայտարարության մեջ։