Հոկտեմբերի 10-ի երեկոյան՝ ժ. 21.00-ի դրությամբ, շփման գծում իրավիճակը հիմնականում հանգիստ է, հրադադարը գրեթե պահպանվում է։ Ամփոփելով վերջին լուրերը՝ տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանն ու նկատեց՝ որոշ հատվածներում, սակայն, Ադրբեջանը դեռ դիմում է պորվոկացինարի, ստանում համարժեք պատասխան։
Հումանիտար նպատակով հայտարարված հրադադարը թե որքան կտևի՝ Հովհաննիսյանը ժամկետներ չի նշում, միայն հայտարարում է՝ Պաշտպանության բանակը զգոն է և թույլ կտա Ադրբեջանին դուրս բերել իր զինվորների դիակները, եթե դա կատարվի Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մինչև անցող գիշեր Մոսկվայում բանակցում էին երկու երկրների գլխավոր դիվանագետները, սահմանին թեժ մարտեր էին ընթանում՝ տեղեկացրեց Հովհաննիսյանը։ Երեկվանից մինչև այսօր կեսօր Ադրբեջանն ունեցել է 200 զոհ, 3 ԱԹՍ-ի ու 4 ավտոտեխնիկայի կորուստ։ Չնայած դրան՝ հակառակորդը փորձում էր օգտագործել մինչև հրադադարը եղած ժամանակն ու ակտիվ գրոհներ էր կազմակերպում։ Թիրախում եղել է հարավային ուղղությունը։
Հադրութում թշնամու ակտիվությունը պատահական չէր՝ ավելի վաղ շեշտեց Պաշտպանության նախարարության խոսնակը։ Ադրբեջանի նախագահը դեռ նախօրեին էր հայտարարել, թե գրավել են Հադրութը, և այդ գործողությունները, ըստ երևույթին, Ալիևի խոսքներն ապացուցելու նպատակով էին արվում։ Ու թեև ուղիղ նախատեսված ժամին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին հրաման տրվեց դադարեցնել կրակը, սակայն շփման գծի մյուս կողմում պայմանավորվածությունը չպահվեց։ Հումանիտար հրադադարից 5 րոպե անց՝ 12:05-ին, Ադրբեջանը գրոհ ձեռնարկեց «Կարախամբեյլիի» ուղղությամբ։
Կրկին հարվածներ հասցվեցին Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ավելին՝ Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարք կիրառեց Երիցվանք գյուղի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Կա մեկ զոհ և վիրավորներ: Ցերեկվանից հետո Սյունիքում երեկոյան արդեն հանգիստ է՝ տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյան։
Ադրբեջանի կողմից Մարդասիրական հրադադարը խախտելուն արձագանքել էր Արցախի արտոգործնախարարությունը։ Դիվանագիտական կառույցը շեշտեց՝ հատկապես աղաղակող է այն փաստը, որ զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար՝ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանը, Թուրքիան և միջազգային ահաբեկիչների դաշինքը ուխտադրուժ խախտել են Արցախի Պաշտպանության բանակի՝ կրակի դադարեցման հայտարարությունից անմիջապես հետո:
Ադրբեջանը պարտավորությունը չի կատարել անգամ 5 րոպե։
Հայաստանի արտաքին գերատեսչությունից էլ տեղեկացրին՝ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով։