Եթե առաջիկա մեկ-երկու օրերին էլ Ադրբեջանը չկատարի մոսկովյան պայմանավորվածությունը ու խախտի հումանիտար հրադադարը, Արայիկ Հարությունյանը կդիմի Հայաստանի իշխանությանը՝ ճանաչելու Արցախի անկախությունը։ Նախագահը շեշտում է՝ արցախցիները խաղաղության կողմնակից են, ամենից շատ իրենք են դեմ պատերազմին, բայց հակառակորդի առաջարկած պայմանները չեն ընդունելու։ Արցախը Ադրբեջանի մաս չի լինելու։
Այդ ժամանակ արդեն հայրենական պատերազմ կհայտարարվի՝ նշում է Հարությունյանը ու ընդգծում՝ պարտադրված պատերազմից չենք հրաժարվելու։ Այն որ Ադրբեջանը չի հարգում հոկտեմբերի 10-ի՝ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունը, ակնհայտ է՝ նկատում է արցախի նախագահը։ Հրադադարի ժամից առաջ, ըստ հայկական կողմի տվյալների, հատուկ ստորաբաժանումներից, վարձկաններից, այլ երկրների հատուկ ուժերից ձևավորված դիվերսիոն խումբը ներթափանցել է Հադրութ՝ նպատակ ունենալով գրավել շրջանը։ Ալիևի հայտարարությունն էին փորձում արդարացնել, թե իբր Հադրութը իրենցն է՝ նշում է Հարությունյանը։
Վերջին լուրերը սահմանից՝ հումանիտար հրադադարից հետո այսօր առավոտյան համեմատաբար հանգիստ է եղել, թեժ մարտեր չկան, հիմնականում փոքր միջդիրքային պայքար։ Իրավիճակը, սակայն, կարող է փոխվել ամեն րոպե՝ նկատում է Հարությունյանը, հիշեցնում՝ երեկ ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանը հրադադար չպահպանեց։ Գիշերը կրկին հռթիռակոծվեցին մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Հհադրութն ու մյուս բնակավայրերը։
ԱՀ նախագահը ևս մեկ անգամ շեշտում է՝ Ադրբեջանը նպատակաուղղված ցանկանում է բնաջնջել արցախի ժողովրդին, մշակույթն ու պատմությունը, ասածի ապացույցները՝ որքան ուզես։
Նախագահ Հարությունյանը կոշտ արձագանքեց իսրայելական անօդաչուների մասին արտասահմանցի լրագրողի հարցին։ Ասաց՝ թե՛ Իսրայելը, թե՛ աշխարհի մյուս երկրների ղեկավարները տեղյակ են, որ պաշտպանական նպատակով ձեռք բերած ԱԹՍ-ները Ադրբեջանը կիրառում է գրոհելու համար։ Հիշեցրեց՝ Ապրիլյան պատերազմին էլ էր այդպես, ավելին՝ իսրայլեցի եկած մասնագետներն անձամբ էին կիրառում դրանք։
Արցախի նախագահի բնորոշմամբ՝ այն, որ Ադրբեջանը չի պահպանում ռազմագերիներին ու զոհվածների դիերի փոխնակաման նպատակով հայտարարված հումանիտար հարդադարը, հերթական ապացույցն է, որ այդ երկիրը չի հարգում նաև սեփական ժողովրդին։ Հարությունյանի խոսքով՝ հակառակորդի 100-ավոր դիակներ այժմ առաջնագծում են։ Փոխանակումն, ըստ որոշման, պետք է իրականացվի Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ։