Այսօր Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։
Չսահմանափակվելով Մերձավոր Արևելքից ահաբեկիչ զինյալների, ռազմական սպառազինության ու մասնագետների մատակարարմամբ Ադրբեջանին` Թուրքիան ստանձնել է նաև ս․թ․ հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ, ԱՀ և ՌԴ ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության դրույթների տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական և քաղաքական արշավի հովանավորչությունը։
Այդ ամենի հետևում ակնհայտ երևում է Թուրքիայի ձգտումը՝ մի շարք այլ հարևան տարածաշրջաններից հետո վերածելու նաև մեր ողջ տարածաշրջանը հարթակի իր ծավալապաշտական նկրտումների դրսևորման համար։
Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և կարևորում տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր ուժերի համագործակցությունը»,- ասված է Նաղդալյանի գրառման մեջ։