Հոկտեմբերի 11-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան (2:2) հանդիպումից հետո, Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։
-Պարոն Կապառոս, խաղի ընդհանուր գնահատականը։
-Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել դաշտում։ Մենք վատ չսկսեցինք, մրցակիցը նույնպես լավ պահեր ունեցավ։ Երկու հավասար թիմերի խաղ էր։
-Արդյոք Վրաստանի հավաքականը Ձեզ ինչ-որ բանով զարմացրե՞ց, թե՞ խաղաց այնպես, ինչպես դուք սպասում էիք։
-Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, ուժեղ ֆուտբոլիստներ ունի, այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ նրանք ինձ չզարմացրին։
-Ձեր կարծիքով ի՞նչն էր պատճառը, որ երկրորդ խաղակեսի մի որոշակի հատվածը մեր տղաների մոտ ավելի վատ ստացվեց, քան առաջին խաղակեսը։
-Ֆուտբոլում կա մրցակից, ով ճնշում է գործադրում քեզ վրա և դժվարություններ է ստեղծում։ Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի քիչ գոլային պահեր ստեղծեց, բայց երկու անգամ կարողացավ գրավել մեր դարպասը։
-Առաջին հայացքից Խորեն Բայրամյանը հանդիպման ընթացքում շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց։ Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը։
-Խորենը լավ ֆուտբոլիստ է, և ամեն անգամ էլ ավելի լավ է խաղում։
-Այսօրվա ոչ-ոքիից հետո կարծես թե էլ ավելի կարևոր է դառնում Էստոնիայի հավաքականի դեմ խաղում հաղթանակի հասնելը։ Հաշվի առնելով, որ բավականին հոգնեցուցիչ խաղ ստացվեց, արդյո՞ք պատրաստվում եք թիմի կազմում փոփոխություններ կատարել։
-Սպասենք և տեսնենք, թե ինչ վիճակում կգտնվեն ֆուտբոլիստները։ Դրանից հետո էլ արդեն որոշում կկայացնենք։