Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ, որին միացել են Թուրքիան և միջազգային ահաբեկիչները: Այդ մասին հրավիրված ասուլիսում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ միջազգային ահաբեկչությունը ներթափանցել է տարածաշրջան՝ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության ներքո:
«Դա բացահայտ են անում, և մենք հստակ տեղեկություններ ունենք, որ այդ խմբավորումներն Արցախում են կամ պատրաստվում են գալ Արցախ»,- ընդգծեց Ա.Հարությունյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը կիրառում է տարբեր հրթիռահրետանային զինատեսակներ, և, ըստ նրա, Ստեփանակերտում չկա մի վայր, որտեղ չեն պայթել հրթիռային արկեր: «Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին, որի տարածքում զինվորական օբյեկտներ չկան, մի քանի անգամ արդեն հրթիռակոծվել է: Ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց, և այդքանից հետո ցանկանում են, որ Արցախը համաձայնի իրենց պահանջների հետ. դա չի լինելու: Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, և ՀՀ-ի մասնակցությամբ մենք դա իրականացնում ենք: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս: Արցախի ժողովրդի՝ սեփական հողում ապրելու իրավունքը միջազգայնորեն ճանաչված է»,- հայտարարեց ԱՀ նախագահը:
Նա նշեց, որ ամենժամյա կապի մեջ են ՀՀ վարչապետի, ՀՀ իշխանությունների հետ, նրանք տեղեկացված են բոլոր խնդիրներից, և չկա մի հարց, որը լուծում չստանա, և, ըստ նրա, դա է լինելու մեր հաղթանակի գրավականը:
«Դեռ չեմ ուզում վերջնական ասել, թե Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների պահվածքն ինչպիսին է լինելու, ինչքանով են հարգելու ՌԴ միջնորդությունը, միջազգային հանրության կոչը՝ գնալու հումանիտար հրադադարի և ապա բանակցությունների: Եթե դա չլինի, ապա դա ևս մեկ ապացույց կլինի, որ խնդիրը ղարաբաղա-ադրբեջանական խնդրի լուծումը չէ, այլ այստեղ թաքնված են մարդկությանը վտանգ սպառնացող ծրագրեր: Իսկ եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ-ին և մյուս երկրներին՝ Արցախի անկախության ճանաչման հարցով: Եվ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են ահաբեկչությանը: Նրանց պետք է ցուցակագրել, և այդ երկրների հասարակությունը պետք է իմանա իրենց իշխանության վարքագիծը, և նրանք պետք է պատասխան տան, այդ թվում՝ Աստծո առջև: