ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիսի ընթացքում ասաց, որ առավոտյան իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է Արցախում, բայց չգիտեն՝ ինչքանով դա երկարատև կլինի:
Անդրադառնալով հարցին, թե որն է լինելու հայկական կողմի արձագանը Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի չպահպանմանը, ԱՀ նախագահն ասաց.
«Եթե այս երկու օրվա ընթացքում չկատարվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ և արտաքին գործերի նախարարների կողմից, նշանակում է, որ Ադրբեջանը հրադադարի պայմանները կարող է ընդունել միայն երկարատև ծանր կորուստներ ունենալուց հետո: Այսինքն, իր համար արդեն երկրորդական է՝ կլինի՞ բանակցություն, թե՞ չի լինի:
Եթե նա չի հարգում այն ձևաչափը, որն իրականացվել է, և միջազգային հայտարարությունները, մենք արդեն անելիք ունենք: Առաջին հերթին Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, ապա կդիմենք միջազգային հանրությանը, որպեսզի բոլոր երկրները նույնպես ճանաչեն»,- ասաց Հարությունյանը:
«Ժողովո՛ւրդ, մենք խաղաղության կողմնակից ենք. աշխարհում խաղաղություն ամենաշատն ուզում են արցախցիները, բայց նաև մենք չենք կարող պայմաններ ընդունել մի երկրի կողմից, որի նպատակն է բնաջնջել Արցախի ժողովրդին, հազարամյա մշակույթը, Արցախի պատմությունը»,- նշեց ԱՀ նախագահը՝ ընդգծելով, որ եթե հակառակորդն ուզում է երկարատև պատերազմ, ապա մենք չենք հրաժարվելու պարտադրված այդ պատերազմից: