1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի ,8-ի ,9-ի դեպքերի քրոնիկոնը:
Եվս մեկ ապացույց, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են հայերի դեմ․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանը հենց նոր երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին․ ԱՀ ՄԻՊ
«Արդյոք սա միտված է հումանիտար հրադադարի պահպանմա՞նը: Թվում է, թե հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել»,- Արցախի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Ստեփանակերտն կրկին հրետակոծվում է
Հակառակորդը կրկին խախտել է հրադադարը՝ օրվա ավարտին հրետակոծելով Ստեփանակերտը։
Դիվերսանտները սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա՝ հաշմանդամություն ունեցող որդուն. ԱՀ ՄԻՊ
Այսօր ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա՝ հաշմանդամություն ունեցող որդուն, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Հադրութում գրեթե ավարտված է այսօրվա դիվերսիոն խմբերի ոչնչացումը․ Հովհաննիսյան
Չունեմ տեղեկություն, թե որքան ժամանակով է հրադադարը ամրագրված, որքան այն կտևի՝ չեմ կարող ասել։ Այդ մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ այսօր ժամը 21։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում։
Դիակները հակառակորդը կկարողանա տանել միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության դեպքում
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրեց, որ հրադադարից հետո, համաձայն ԱԳ նախարարների հայտարարության, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի հակառակորդը մոտենա և վերցնի իր թողած դիակները: Սակայն, ըստ Հովհաննիսյանի, դրանից հետո գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովոկացիաներ անելու նպատակով։ «Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու դա թույլ է տրվելու միայն, ինչպես հայտարարության մեջ նշված է, Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»,- ասաց Հովհաննիսյանը։
Հակառակորդը երեկ և այսօր մինչև կեսօր ունեցել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ-ի, 4 ավտոտեխնիկայի և մանր այլ միջոցների կորուստներ․ Հովհաննիսյան
Այս պահին հիմնականում հրադադարը պահպանվում է, ինչպես հայտարարվել է՝ 12։00-ից, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից դրանց պատասխան տրվել է։ Այդ մասին 21։00-ին՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել. ՊԲ
Դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը ձեռնարկվել է Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով` հայտնում են Արցախի ՊԲ-ից:
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը. ՊՆ խոսնակ
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է`
հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Անտեսելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ Ադրբեջանը 12:05-ին գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլի»-ի ուղղությամբ
Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը՝ հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՊԲ-ի ստորաբաժանումներին տրվել է կրակի դադարի հրաման
«Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման»,-
տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ԱՀ ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները
անուններ
Ադրբեջանական զինված ուժերի օդային հարձակումները՝ հրադադարից առաջ
«Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն»,-
տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ մարտական գործողություններ՝ մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռահրետանային մենամարտեր: Այդ մասին հայտնել են ՊԲ-ից։
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում են օգտագործել մինչև հրադադարի մնացած ժամերը. ՊՆ ներկայացուցիչ
ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները, հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները։
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծել են
«Ադրբեջանը րոպեներ առաջ հրթիռակոծել է Ստեփանակերտի քաղաքացիական շրջանները: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Վերջին պահին էլ Բաքուն օգտագործում է իր՝ պատերազմական հանցագործության նույն ոճը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Հակառակորդը հարվածային ԱԹՍ է կիրառել Երիցվանքի և Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ տուժածներ չկան։
ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հակառակորդն ուժգնացրել է ԱԹՍ-ի օգտագործումը
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները՝ հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
2020 թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է հրադադար` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունը՝
Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
-
2020 թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
-
Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
-
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
-
Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։