ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Գորիսի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մանրամասներ ներկայացրեց արցախա-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած իրադարձություններից։
«Ադրբեջանի ԶՈՒ-ն, խախտելով հրադադարի պայմանները և՛ հարավային, և՛ հյուսիսային ուղղություններով, ձեռնարկել է հարձակողական գործողություններ։ Մասնավորապես՝ գրոհ են իրականացրել զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ։ Հյուսիսային ուղղությամբ կորցնելով 2 զրահատեխնիկա՝ հետ են շպրտվել։ Հարավային ուղղությամբ ևս եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են։ Օրվա ընթացքում խոցվել է նաև 1 ԱԹՍ։ Որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն կրակի դադարեցման պայմանի լիարժեք պահպանում չի կատարվել, ինչը թույլ կտար դիակների և գերիների փոխանակում իրականացնել»,- նշեց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը հիշեցրեց հայտարարությունը, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել ադրբեջանական ռազմաօդային ուժերը։
«Թուրքական 6 միավոր F16-երի պատսպարմամբ, ուղեկցմամբ մարտական իսրայելական և թուրքական արտադրության ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և զինված ուժերին։ Այդ գործողությունները կասեցվում են պաշտպանության բանակի ՀՕՊ միջոցների կողմից»,- նշեց Հովհաննիսյանը։
Ադրբեջանական կողմից կեղծ հայտարարությունները շարունակվում են՝ նշեց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ հայկական կողմն արդեն հերքել է լուրերը, թե պաշտպանության բանակը խախտում է հրադադարի ռեժիմը։
«Ադրբեջանը նորից փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել իր հետագա գործունեության համար»,- նշեց Հովհաննիսյանը։