Երեկ Հադրութում ադրբեջանցի դիվերսանտները տանը սպանել են երկու բնակչի՝ մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն՝ այս մասին այսօր Արցախի տեղեկատվական շտաբում ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ դեպքից հայտնելով մանրամասներ:
«Հրադադարի պայմանավորվածությունից հետո ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Հադրութ, ըստ որոշ տվյալների, նաև՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ:
Այնտեղ ահաբեկել են բնակչությանը, վառել են որոշ տներ, նաև սպանել են որոշ քաղաքացիական անձանց: Երեկվա դրությամբ՝ մենք տեղեկություն ունեինք 2 հոգու մասով՝ հաշմանդամ տղայի ու նրա մոր, որոնց սպանել են գնդակահարելով, նաև քիչ առաջ մենք նոր տեղեկություններ ստացանք։ Երկու քաղաքացիական անձինք՝ Նվեր Գրիգորյանը և Արտյոմ Միրզոյանը, նույնպես սպանվել են վարձկան ահաբեկիչների կողմից:
Գոնե առաջին երկուսը՝ որդին և մայրը, սպանվել են իրենց տանը, ինչը նշանակում է, որ ուղղակի ներխուժել են տուն և գնդակահարել: Մենք հրապարակել ենք լուսանկարներ, հաշմանդամություն ունեցող անձը մի քանի տեղից՝ կրծքից, որովայնի հատվածից գնդակահարված է, նաև գնդակահարված է նրա ձեռքը՝ ափը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նա ձեռքի ափը բարձրացրել է, ցույց է տվել, որ ինքը անզեն է ու այդպես պաշտպանվել է, և ադրբեջանական ահաբեկիչները խփել են նաև նրա ձեռքին: Սա լրացուցիչ կերպով ցույց է տալիս, որ դա եղել է ահաբեկչություն, պատերազմական ծանրագույն հանցագործություն»,- նշեց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ պետք է հետամուտ լինեն, որ այս ահաբեկիչները իրենց պատիժը ստանան: