Խաղաղության կենացը խմելու անուշ գինին ու փառահեղ հաղթանակի թունդ օղին սահմանին կանգնած տղամարդկանց չի հասնի, բայց դրանց վաճառքից ստացված ամբողջ եկամուտն է նրանցը: Մեր կանանց մտքի թռիչքն է՝ հանուն սահմանին կանգնած զինվորի: Գործարար հայ կանայք այսօր վաճառքի էին հանել հայկական արտադրության իրենց բոլոր ապրանքները: Ամբողջ հասույթն ուղղվելու է համահայկական հիմնադրամ: Բանակի օգնությանն իրենց լուման են փորձում ներդնել նաև աուտիզմ ունեցող երիտասարդները:
Հայկական գաթա, փախլավա, չրեղեն, թեյ, սուրճ, կոնֆետներից մինչև խնամքի պարագաներ ու զարդեր, հագուստ, պայուսակներ: Ամենաշատ պահանջարկ ունեցող ապրանքներից է՝ «հաղթում ենք» գրառումով կտորից պայուսակը:
Ակցիայի կազմակերպիչները հանգանակությունից բացի նաև գնորդին փորձում են ապացուցել, որ շատ ապրանքների հայկականի այլընտրանքը կա: Նախապատվությունը տանք հայկական մտքով ու շնորհքով ստեղծվածին, մեր երկրի համին ու հոտին:
Ձեռներեց հայ կանանց խումբը որոշել է այս ակցիայով հնարավորություն տալ փոքր ու միջին բիզնեսին, որն այնքան էլ մեծ եկամուտ չունի, նույնպես մասնակցել բանակի աջակցության համահայկական ֆլեշմոբին:
Տարածքը տրամադրած Լոֆթ կենտրոնի ստեղծագործական ղեկավարն ասում է՝ չէինք սպասում, որ այսքան կին ձեռներեց կա Հայաստանում: Հնարավոր է՝ հայկական ապրանք արտադրող կանանց համար ևս մեկ այսպիսի ակցիա իրականացվի: Այսօր, ցավոք, ոչ բոլորին կարողացան հյուրընկալել, տարածքը փոքր էր, բանակին աջակցել ցանկացողների բանակը՝ բավականին մեծ:
Գնումների ցուցակ այստեղ եկողները չէին կազմել, ոչ էլ ընթացքում էին մտածում, տվյալ ապրանքն իրենց պե՞տք է, թե՝ ոչ: «Արտադրված է Հայաստանում» կամ հայկական ազգանուններով պիտակներն անմիջապես աչք էին շոյում: Բանակին օգուտ բերող գնումների էին գալիս ընտանիքներով: Ազգանվեր գործից հետ չեն մնում նույնիսկ նորածին փոքրիկները, միայն հայրերը սահմանից շուտ վերադառնան։