ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է իսրայելացի գիտնականների հայտարարությանը, որով իրենց երկրի կառավարությունից պահանջել են զենք չվաճառել Ադրբեջանին:
«Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը: Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից:
Գոհացած եմ` հիշատակված հայտարարության ստորագրյալների շարքում տեսնելու իմ մտերիմ բարեկամ, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ հայագետ Մայքլ Սթոունի անունը, որին հղում եմ ջերմ ողջույններս»,- հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: