«Մինչև երեկ, այս գիշերը ներառյալ, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հետևանքով արձանագրվել է 25 զոհ, որոնցից 5-ը երեկ են արձանագրվել՝ ամսի 10-ին»,- տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով իրենց փաստահավաք գործունեությունը: Նրա ներկայացմամբ՝ 25 զոհից 9-ը կին են, նաև՝ 1 երեխա: Բեգլարյանի խոսքով՝ եղել է առնվազն 102 վիրավոր:
«Զոհերն ու վիրավորներն արձանագրվել են բոլոր ուղղություններում՝ հյուսիսից մինչև հարավ և բոլոր հիմնական բնակավայրերում։ Զոհերի կեսից ավելին 50-ից բարձր տարիքի են, 25 զոհից 9-ը կին է, մեկը՝ երեխա է։ Վիրավորների շրջանում ևս կան երեխաներ, բազմաթիվ կանայք, տարեցներ։ Շատ դեպքերում կարող ենք արձանագրել, որ եղել է ուղիղ, թիրախային հարված քաղաքացիական բնակչությանը։ Դեպքեր ունենք, որ կիրառվել է իսրայելական արտադրության ինքնասպան ԱԹՍ հենց Հադրութ քաղաքում, քաղաքացիական մեկ տան վրա անօդաչուն հարվածել է»,- նշեց Բեգլարյանը՝ ցույց տալով այդ ԱԹՍ-ի կտորներից։
Բեգլարյանը նաև նշեց, որ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանը լայնորեն կիրառել է կասետային տիպի զենքեր, ռումբեր, հրթիռներ, արկեր: «Արցախի ԱԻ պետական ծառայությունը ներկայացրել է մինչև հոկտեմբերի 10-ը՝ ավելի 180 կասետային զենք՝ չպայթած, որոնք ոչնչացվել են»,- տեղեկացրեց Բեգլարյանը: Նա ներկայացրեց նաև 300 միլիմետրանոց հրթիռ, որն իսրայելական արտադրության է և կիրառվել է հենց Ստեփանակերտի ուղղությամբ: «Հրադադարի պայմանավորվածությունից հետո Ստեփանակերտի վրա կիրառել են նոր հրթիռ»,- մանրամասնեց Բեգլարյանը՝ հավելելով, որ մայրաքաղաքում բնակելի տանը հարակից շինությունում գտել են կասետային տեսակի «Սմերչ» հրթիռի մնացորդներ: «Սա լրացուցիչ ապացույց է, որ անգամ հրադադարի պայմանավորվածությունից հետո նրանք կիրառում են միջազգային իրավունքով արգելված հրթիռներ: Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ՝ իսրայելական ու թուրքական արտադրության»,- ասաց Բեգլարյանը: